Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին |armenpress.am|
16:26 - 08 հուլիսի, 2021

Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի դիմումերի հիման վրա 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը: 

ԿԸՀ արտահերթ նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկվում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումով պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն:

ԿԸՀ որոշման նախագծով առաջարկվեց  լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա  2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը: Դատաքննությանը մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին որոշման նախագիծը քվեարկության ստացավ 7 կողմ ձայն և ընդունվեց:

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում հուլիսի 9-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել