«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմի ավարտի մասին |tert.am|
10:06 - 09 հուլիսի, 2021

«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմի ավարտի մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմը կավարտվի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանը կլքի հայրենիք վերադարձող ամերիկացի զինվորականների վերջին խումբը, հայտնում է CBS News-ը՝ հղում տալով Սպիտակ տանը Բայդենի ելույթին։

«Ես ևս մեկ ամերիկացի սերնդի չեմ ուղարկի Աֆղանստան պատերազմի՝ առանց ողջամիտ ակնկալիքի առ այն, որ կարելի է այլ արդյունքի հասնել։ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կապված մնալ մի քաղաքականության հետ, որը ստեղծվել է մի աշխարհում, որ գոյություն ուներ 20 տարի առաջ», - ասել է Բայդենը։

Նա նշել է, որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված ներկա իրավիճակը միայն հաստատում է այն, որ ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ ևս մեկ տարի ոչ մի հարց չի լուծի, սակայն կհանգեցնի ամերիկյան զորքերի անվերջ ներկայությանը։ Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասել է Աֆղանստանում իր առջև դրած նպատակին․ այն է՝ վերացնել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը և դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենին։

«Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք դրել էինք մեր առջև։ Մենք Աֆղանստան չենք եկել ազգ կառուցելու համար, դա միայն աֆղան ժողովրդի իրավունքն ու պատասխանատվությունն է՝ որոշել իր ապագան և թե ինչպես են ցանկանում կառավարել իրենց երկիրը», - եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել