Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին
16:13 - 09 հուլիսի, 2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ ուղեկցությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Օլիվեր Վարհեի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, որ այս այցելությունը նոր խթան պիտի հաղորդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Վեհափառ Հայրապետը նաև ողջունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը  Սուրբ Էջմիածին՝ դա նկատելով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարության վկայություն։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նկատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է Եվրոպական Միության հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առավել շոշափելի և գործնական գործակցություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս հանձնակատարի մասնավոր իր գնահատանքն է հայտնել Եվրոպական Միության կառույցներին անցնող տարիներին և հատկապես համավարակի շրջանում, արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

Այնուհետև Հայաստան այցին անդրադարձավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի՝ այդ շրջանակներում կարևորելով իր հանդիպումն Ամենայն Հայոց Հայրապետի հետ։ Վարհեին Նորին Սրբությանը ներկայացրել է այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված հումանիտար օգնությունը և առկա ճգնաժամի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ԵՄ ապագա ծրագրերը և առաջարկները։ Վերջինս խաղաղության հաստատման, ապագայի հանդեպ հույսի և հավատի զորացման հարցում կարևորել է գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մտահոգությամբ անդրադարձ է կատարել հետպատերազմյա իրավիճակին և առկա բազմաթիվ մարտահրավերներին՝ նաև հույս հայտնելով, որ ԵՄ կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և բարեկամ պետությունների աջակցությամբ արցախյան հիմնահարցը կստանա իր վերջնական կարգավորումը, ինչը կերաշխավորի արցախաբնակ հայորդիների անվտանգությունն ու ապահովությունը։

Ողջունելով ԵՄ պատրաստակամությունը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով նպաստելու տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը՝ Վեհափառ Հայրապետը ընդգծել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուտափույթ հաղթահարման կարևորությունը: Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին, ապա իր մտահոգություններն արտահայտեց Հայաստանի սահմանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արձանագրված սրբապղծության, ավերման և պատմական պատկանելության կեղծման հարցերի առնչությամբ։ Հիշյալ հարցերի հաղթահարման և հայատյացության քարոզի դադարեցման գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունն ու կեցվածքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել