Կամավոր ատեստավորման քննության համար նախատեսված հարցերին կարող են պատասխանել անգամ լավ սովորող աշակերտները․ դպրոցի տնօրենները՝ ատեստավորումների մասին
18:15 - 16 հուլիսի,2021

Կամավոր ատեստավորման քննության համար նախատեսված հարցերին կարող են պատասխանել անգամ լավ սովորող աշակերտները․ դպրոցի տնօրենները՝ ատեստավորումների մասին

Այս տարի ԿԳՄՍ նախարարի հրամանագրով հաստատվեց «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ըստ ծրագրի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի: Ատեստավորումն անցած ուսուցչին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի:

90 տոկոս եւ ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 50 տոկոսի չափով, 80 տոկոսի դեպքում ախատավարձը կբարձրանա 30 տոկոսով, 60-79 տոկոսի դեպքում ուսուցչի աշխատավարձը կպահպանվի։ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման՝ մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչեւ իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը եւ վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:

Կամավոր ատեստավորումը կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ։ Կամավոր ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստում չի ենթադրվում, եւ այն իրենից ներկայացնում է առարկայական գիտելիքի «քննություն», որի արդյունքում բարձրանում է ուսուցչի աշխատավարձը։

Infocom.am-ը պարտադիր եւ կամավոր ատեստավորման մասին զրուցել է Վանաձորի թիվ 20 դպրոցի տնօրեն, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Մարգարյանի հետ։ 

Մարգարայնի խոսքով՝ կամավոր ատեստավորման ծրագրով ստուգվում են ուսուցչի առարկայական գիտելիքները, եւ իրենց վրա աշխատող, գիտելիքներով եւ ունակություններով տարբերվող ուսուցիչներին հնարավորություն է տրվում ստանալ ավելի բարձր աշխատավարձ։ 

«Դա, իհարկե, դրական է, նաեւ մոտիվացիա է ստեղծում մյուս ուսուցիչների համար, որոնք տարիներ շարունակ չեն աշխատել իրենց վրա, հիմա ավելի կոգեւորվեն եւ կաշխատեն իրենց գիտելիքի աճի վրա, շատ հաճախ նաեւ ինքնակրթության շնորհիվ է այդ վերապատրաստումը իրականանում։ Պարտադիր, հերթական ատեստավորումը, որը ենթադրում է նաեւ պարտադիր վերապատրաստում, կրկին շատ լավ է, որովհետեւ ինչ-որ տեղ պետական աշխատող ուսուցչին պետությունը պարտադրում է իր ինքնակրթությամբ զբաղվել, եւ ոչ միայն պարտադրում է, այլ նաեւ աջակցում է․ գոնե 5 տարին մեկ ուսուցիչը ատեստավորվում է, շփվում է այլ մասնագետների հետ, տեղեկանում է, թե ինչ կա այլ դպրոցներում, ինչ մեթոդ են կիրառում այլ ուսուցիչներ, ինչ են առաջարկում կազմակերպությունները, որոնք մեթոդաբանության, առարկայական գիտելիքի հետ կապված առաջարկներ ունեն»,- հավելեց Մարգարյանը։

Ըստ դպրոցի տնօրենի՝ ծրագրերը մասնագիտական շարժ են ապահովում։ Անդրադառնալով կամավոր ատեստավորման մասնակցայնությանն ու ուսուցիչների հետաքրքրվածությանը՝ Մարգարյանը շեշտեց, որ իրենց դպրոցի ուսուցիչներից մի քանիսը վախենում են այդ գործընթացի մեջ մտնել, քանի որ ծրագիրը առաջին անգամ է գործարկվում, եւ չգիտեն՝ ինչ է սպասվում․

«Հետո, երբ հիմնական եւ ավագ դպրոցների բաժանվեցին, ուսուցիչների մի մասը հիմնական դպրոցում արդեն ավագ դպրոցի ծրագրային նյութերը որոշ չափով մոռացավ, ուստի վախենում են այդ հատվածում թերանալ։ Ունենք լավ ուսուցիչներ, որոնք ավագ դպրոցներում էլ են համատեղում, կամ պարապում են ավարտական դասարանների աշակերտենրի հետ, եւ իրենց մոտ գիտելիքը չի ընդհատվում, ոչինչ չեն մոռանում։ Կամավոր ատեստավորման դեպքում դպրոցները պարտավոր չեն որոշակի քանակ ապահովել, բայց, որքանով տեղյակ եմ, հետագայում դա նույնպես կդառնա պարտադիր»։ 

Մարգարյանի խոսքով՝ ծրագրի բացասական կողմերից մեկը հոգեբանական տեսանկյունն է․ ամեն դեպքում, հիմնական դպրոցի ուսուցիչները սահմանափակված են զգում իրենց մասնակցելու համար, քանի որ ավագ դպրոցի բաժինը գիտելիքների առումով մի քիչ մոռացվել է։ Տնօրենի դիտարկմամբ՝ ռիսկային է նաեւ ուսուցիչների հեղինակությունը․ եթե ուսուցիչը չհաղթահարի այդ շեմը, տվյալները կարող են հրապարակվել։

Անդրադառնալով պարտադիր ատեստավորման այն ռիսկին, որ դպրոցի տնօրենը կարող է ստիպել ուսուցիչներին ընտրել կոնկրետ կազմակերպություն՝ վերապատրաստվելու նպատակով, Մարգարյանը շեշտեց, որ Լոռու մարզում նման դեպք չի եղել․

«Շուտով ավելի թափանցիկ ձեւով ուսուցիչը կարող է ուսումնասիրել, թե որ կազմակերպությունն ինչ է առաջարկում, իրեն որն է ավելի դուր գալիս»,- եզրափակեց Մարգարյանը։

Պարտադիր եւ կամավոր ատեստավորումների առավելությունների եւ թերությունների մասին Infocom.am-ը զրուցեց նաեւ Կառնուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ ծրագրի նպատակն է առանձնացնել, խրախուսել այն մասնագետներին, ուսուցիչներին, որոնք իրենց աշխատանքում հաջողություններ են գրանցել, լավ տիրապետում են առարկային։

«Ես էլ ուրախացա, եւ որպես բազմաթիվ մրցույթների մասնակից՝ ինքս էլ ցանկություն հայտնեցի մասնակցելու այդ ատեստավորմանը, բայց երբ հրապարակվեց հարցման ձեւը եւ ատեստավորման կարգը, այնտեղ կային բաներ, որոնք ինձ համար այդքան ընդունելի չէին։ Դրանք ինձ մոտ բացասական կարծիք ձեւավորեցին։ Այդ ատեստավորումը նմանվում է ընդունելության քննություններին, շտեմարանային հարցման, որովհետեւ այն նմուշները, որոնք տարբեր առարկաների համար հրապարակվեցին, հիշեցնում են ընդունելության քննությունների հարցումներ եւ ձեւաթղթեր»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս, որ պատմության մասնագետ է, կարծիք հայտնեց՝ կամավոր ատեստավորման քննությունների թեստերի հարցերը գրված են դասագրքային նյութերից։ Հովհաննիսյանի խոսքով՝ ավարտական կամ միասնական քննություններից 19-20 միավոր հավաքած աշակերտները նույնպես կարող են հանձնել այդ քննությունը։ Դպրոցի տնօրենի կարծիքով՝ գեղեցիկ չէ այնպիսի հարցաշար կազմել, որտեղ ուսուցչի մասնագիտական ունակությունները, նրա տարբերությունը մյուսներից հնարավոր չի լինում ընդգծել։ Թեստային առաջադրանքը վիրավորական է։ Հարցին, թե ինքն ի՞նչ կերպ է պատկերացնում կամավոր ատեստավորման գործընթացը, Հովհաննիսյանը մանրամասնեց․

«Հատուկ մտածված առաջադրանքներ, որտեղ ուսուցիչը կտարբերվի իր վերլուծական մոտեցումներով, իր կարծիքով, ունակություններով, անպայման պետք է ներառված լինեն դասի ներկայացման, դասի կազմակերպման, մեթոդամանկավարժական որոշակի հարցադրումներ, որոնց տվյալ ուսուցիչը կկարողանար պատասխանել եւ կառանձնանար մյուսներից։ Իսկ զուտ թեստային առաջադրանք գրելով՝ ուսուցիչը չի կարող տարբեր լինել, գուցե նա կարողանում է երեք գրքերին շատ լավ տիրապետել, բայց դասարանում չի կարողանում լավ դաս մատուցել։ Սա էր պատճառը, որ ինքս չեմ դիմել կամավոր ատեստավորմանը, ես կարող եմ գրել այդ թեստը, անգամ ունեմ աշակերտներ, որոնք նման բարձր միավորներ են հավաքում։ Թեստերին ծայրից ծայր ծանոթ են նույնիսկ աշակերտները։ Սա ավելի շատ կրկնուսույցների մրցույթի է նման»։

Խոսելով այն հարցադրումների մասին, թե արդյոք քննության այլ տարբերակ (բանավոր, գրավոր՝ արձակ պատասխաններով) ընտրելը չէ՞ր ազդի քննության արդյունքի օբյեկտիվության վրա եւ կոռուպցիոն վտանգներ չէ՞ր պարունակի, Հովհաննիսյանը նշեց, որ հասկանում է, որ առաջին տարին է եւ ավելի հեշտ տարբերակը սա է, որպեսզի օբյեկտիվության հետ խնդիրներ չլինեն։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս տարբերակով միանշանակ ապահովվում է օբյեկտիվությունը, երբ ուսուցիչը պատասխանում է հարցերին, իր հետ վերցնում է իր ձեւանմուշի կրկնօրինակը եւ հետո, եթե խնդիրներ առաջանան, կարող է բողոքարկել։ Հնարավոր է՝ նախարարությունը մյուս տարի փոխի ձեւը։

«Իմ պատկերացումը սա է․ էլի թող լինի գրավոր տարբերակով, էլի ներառի որոշակի թեստային առաջադրանքներ, բայց ժամանակին եղել են տարբեր մրցույթներ, որտեղ աղբյուրից բերված նյութեր էին, որոնց վերաբերյալ պետք էր կարծիք հայտնել, մի քանի աղբյուրում հրապարակված նյութի ընդհանրությունները վերլուծական եւ համադրման կարողություններով դուրս բերել, ինչն ավելի բարձր որակի գիտելիք եւ հմտություն է պահանջում մասնագետից, քան այն սովորական, կոնկրետ թվերը, փաստեր հիշելը եւ, ասենք, ժամանակագրական հերթականությամբ դասավորելը».- հեվելեց Հովհաննիսյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ թեստային տարբերակի դեպքում շատ են հնարավորությունները վրիպակներ թույլ տալու։ Տնօրենի կարծիքով՝ կամավոր ատեստավորումը պետք է ունենա ոչ թե մեկ, այլ երկու փուլ՝ ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, գրավոր փուլի մեջ պարտադիր պետք է ներառվեն դասապլաններ, որոշակի մեթոդների տիրապետումը ստուգող առաջադրանքներ, ոչ թե միայն առարկայական նյութի հարցում․

«Նաեւ պատկերացնում եմ, որ բանավոր փուլում էլ պետք է հստակ մշակված հարցումներ լինեն։ Այդ տարբերակը ավելի ընդունելի է, չնայած ավելի ժամանակատար ու ծախսատար է։ Կան ուսուցիչներ, որոնք մի քանի բան մասնագիտական առումով վրիպել են, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք վատ ուսուցիչներ են։ Ուսուցչի լավ կամ վատ լինելը որոշվում է նրա ավանդով։ Ուսուցիչը այն մարդն է, որը կերտում է մեր երկրի ապագան, այն ինչ մենք հիմա ունենք, 15-20 տարվա ուսուցիչների աշխատանքի արդյունքն է՝ լավ, թե վատ առումով։ Եթե բժշկի միջամտության արդյունքը այսօր է երեւում՝ մարդը կամ ապրում է, կամ ոչ, ուսուցչի աշխատանքի արդյունքը երեւում է հասարակության ձեւավորման ընթացքում՝ մի քանի տարի հետո։ Պետք է ավելի նրբանկատ, ավելի հաշվարկված, ճիշտ մոտեցումներով ամեն ինչ անել։ Ուսուցիչն էլ մարդ է, այդ օրը կարող են բազմաթիվ գործոններ ազդել մարդու գիտելիքի, տրամադրության վրա, եւ նա կարող է այդ պահին վրիպել՝ չնայած բազմավաստակ ուսուցիչ է։ Կարող է՝ որոշել է գնալ ատեստավրման ու ձեւաթղթի վրա վրիպումներ է ունեցել, պետք է գլուխը կախ դպրոց մտնի։ Հաստատ շատերը չեն ասի, բայց մի չար լեզու կշեշտի, որ նա կտրվել է քննությունը կամ չի կարողացել նորմալ հանձնել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ տարբեր ուսուցիչներ կամավոր ատեստավորմանը մասնակցելու իրենց մոտիվացիան ունեն։

Մեր զրուցակցի կարծիքով՝ առանձին ուսուցիչներ՝ 10-20 տոկոսը, ավելի շուտ անվան համար կմասնակցեն, մյուսները կուզենան իրենց սոցիալական վիճակը փոքր ինչ բարելավել, որովհետեւ ուսուցչի աշխատավարձը ցածր է, եւ ոչ բոլորն են լիարժեք ծանրաբեռնված։ Առանձին դպրոցներում առարկաներ կան, որի դեպքում ծանրաբեռնվածությունը չի ապահովվում։

«Գյուղական դպրոցները հիմնականում կարողանում են ուսուցչին ապահովել դասաժամերով, բայց քաղաքային դպրոցներում, որտեղ մասնագետները շատ են, 50-80 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը կցանկանա, որ գոնե մի քանի հազար դրամով իր աշխատավարձը բարձրանա։ Կարծիք կա, որ մոտիվացիան գումարն է, բայց շատերի համար նաեւ հաճելի պրոցես է, որ իրենք կկարողանան տարբերակվել, դա է մարդկային էությունը՝ կուզենան, որ իրենց աշխատանքը գնահատվի, կուզեն, որ իրենց մասին խոսեն, յուրահատուկ ձեւով առանձնանան մյուսներից»,- այս կարծիքին ուսուցիչը։

Հովհաննիսյանը նույնպես ներկայացնում է վերապատրաստող ընկերություն, ներգրավված է գործընթացում։ Նրա կարծիքով, սակայն, խնդիրն այն է, որ շատ ուսուցիչներ գործող կազմակերպությունների մասին, որոնք ընտրվել են, իրազեկված չեն։ Նախարարությունը բոլոր դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ուղարկել է տեղեկությունը, բայց այդ բազմաէջ նամակից, մեր զրուցակցի համոզմամբ, ուսուցիչը նայում է միայն կազամակերպության անունը եւ առարկաները։ Հովհաննիսյանի պնդմամբ՝ միայն անունով կազմակերպությունը ոչինչ ասել չի կարող, այստեղ արդեն աշխատում է գովազդի գործոնը, որի շնորհիվ ուսուցիչները իրազեկվում են։ Նրա դիտարկմամբ՝ խնդրի առաջ են կանգնում նաեւ կազմակերպությունները, քանի որ վերջիններս չեն տեղեկանում, թե քանի ուսուցիչ է ընտրել հենց իրենց։

«Կազմակեպությունը որտեղից պետք է իմանա, թե քանի հոգի է դիմել իրենց։ Google doc-ով հազար ու մի հայտաձեւեր պատրաստվեին տարբեր կազմակերպություններ, որոնք պաշտոնական փաստաթղթեր չեն, դրանով լրացրին, ուղարկեցին հայտադիմումները, բայց գիտեմ նաեւ մարդկանց, որոնք չեն լրացրել այդ հայտադիմումները, բայց ընտրել են այդ կազմակերպությանը։ Հիմա այս պահի դրությամբ կազմակերպությունը կարող է իմանալ, թե Շիրակի մարզում քանի վերապատրաստվող ուսուցիչ ունի։ Հնարավոր է, եթե համապատասխան գործիքները սկսեն աշխատել, դպրոցի օպերատորը դրա հիման վրա կատարի համապատասխան նշումը, եւ կազմակերպությունը կտեղեկացվի գործընթացի մասին ու կիմանա, թե քանի ուսուցիչ է դիմել իրեն։ Ինձ կարող են հակադարձել, որ դա չէ ամենակարեւորը, այլ դիմումի հիման վրա կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, բայց կա՞ արդյոք որեւէ դպրոց եւ կազամկերպություն, որոնք արդեն պայմանագիր են կնքել։ Ամբողջ պրոցեսը ժամանակատար է, ես զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ որոշ կազմակերպություններ կոնկրետ ժամկետներ են հրապարակում, թե երբ են սկսելու վերապատրաստումը։ Եթե ամբողջ գործընթացը չի ավարտվել, ինչպե՞ս կարող են սկսել իրենց գործունեությունը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կազմակերպությունները նոր-նոր են հավաքում իրենց մոդուլները, եւ ուսուցիչին բարդ է ընտրել մի կազմակերպություն, եթե նա չգիտի, թե այդ կազմակերպությունը ինչ է իրեն տալու։

«Նույն դպրոցից մի քանի կազմակերպություն ընտրելը նույնպես որոշակի քննարկումների առիթ է դառնում, շատ դեպքերում դպրոցը դժվարանում է․ ասում են՝ մի կազմակերպություն ընտրեք բոլորով, ո՞վ ժամանակ ունի տարբեր կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել, որոշ տեղերում սա էլ է խոչընդոտ եւ խանգառում է, որ ուսուցիչը ազատ լինի իր ընտրության մեջ։ Մեխանիզմները վերամշակման ու վերաձեւակերպման կարիք ունեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով հնարավոր ուղղորդումների, պարտադրումով մեկ կազմակերպություն ընտրելու մասին՝ նա նշեց, որ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություն չունի, չնայած՝ պետք չէ նաեւ հարյուր տոկոսով բացառել։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել խոսակցությունները, սակայն նշեց, որ տնօրենը կարող է խորհուրդ տալ կամ, գուցե, լինեն այլ պատճառներ։ 

«Կան դպոցներ, որտեղ տնօրենները կարող են ուղորդել, թե ուսուցիչը որ կազմակերպությանն ընտրի, բայց պետք չէ համահարթեցնել։ Շատ դեպքերում ուսուցիչը ինքը չի կողմնորոշվում ու դիմում է իր անմիջական ղեկավարին, եւ տնօրենը կարող է խորհուրդ տալ։ Դրա մեջ արտառոց բան չկա, բայց կոնկրետ ուղղորդումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ»,- ընդգծեց դպրոցի տնօերնը։

Ինչ վերաբերում է կազմակերպությունների մրցակցայնության, հավասար պայմաններում գործելու մասին, Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին որեւէ խոչընդոտ չկա կազմակերպությունների առջեւ, կարեւորն այն է, որ կազմակերպությունը լինի ակտիվ, ունենա աշխատասեր խումբ, որը կկարողանա առաջարկով հանդես գալ, կազմակերպել իրազեկման գործընթաց։ Դպրոցի տնօրենի կարծիքով՝ լավ կլիներ, եթե հեռուստատեսությամբ, տարբեր հանրային քննարկումների միջոցով ուսուցիչները իրազեկվեին կազմակերպությունների մասին, ինչպես նաեւ տեղեկացվեին, որ իրենց ցանկությամբ կարող են ընտրել վերապատրաստող կազմակերպությանը։

Ասպրամ Փարսադանյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել