Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ
12:54 - 13 հուլիսի, 2021

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին: Այս մասին այսօր՝ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։  

Թաթոյանը հիշեցրեց հուլիսի 5-ին Գեղարքունիքի սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունը։

«Ընդ որում՝ այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանի ինքնիշխան տարածքում են, և հատկապես մայիսի 12-ից և 13-ից հետո։ Մենք կատարեցինք փաստահավաք աշխատանքներ, և քաղաքացիական բնակչությունը նույնպես նշեց, որ եղել են կրակոցներ, ավելին՝ այդ արոտավայրերում կամ սարատեղիներում դրանք ակնհայտ լսվել են։ Նաև ստացել էինք ահազանգեր մարդկանցից»,- ասաց նա։

Այնուհետև Թաթոյանը անդրադարձավ Վերին Շորժայի վարչական ղեկավարի հայտարարությանը․ «Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, ասում է՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտու՞մ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարը ասում է՝ չէ, ի՞նչ խոչընդոտել, գյուղացիները այդ կողմը չեն էլ գնում։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ ինքս եմ եղել այդ վայրում, ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել կամ բնակիչները չեն կարողանում օգտվել  իրենց անասնագոմերից։ Այս պաշտոնատար անձը՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարում է, թե ի՞նչ բնականոն կյանքին խոչընդոտել, մեր գյուղացիները այդ կողմ չեն էլ գնում են։

Այս պայմաններում, եթե նման հայտարարություն է անում վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ ամենատեղեկացված մարդը,  դրանից հետո ես ինչքան գնամ, միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը կդնեն, կասեն՝ ի՞նչ եք խոսում, նայեք՝ ձեր գյուղապետերը ինչ են ասում, ձեր գյուղացիները ոչ մի խնդիր էլ չունեն»,- ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել