Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին
13:00 - 13 հուլիսի, 2021

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությունը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել: 

«Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր: Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը: Ցանկանում ենք ակտիվացնել գործընկերային հարաբերությունները և դրանք դարձնել առավել արդյունաբեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վերահաստատել միջազգային ֆեդերացիայի՝ բռնցքամարտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը: 

Ումար Կրեմլյովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստել է, որ միջազգային կառույցը ևս ցանկանում է առկա համագործակցությանը նոր որակ հաղորդել: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը դրական է արձագանքել Հայաստանում խոշոր մրցաշար կազմակերպելու առաջարկին՝ չբացառելով անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը: 

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ի դեմս Հովհաննես Հովսեփյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան  շատ ակտիվ և նախաձեռնող ղեկավար ունի: AIBA-ն գործուն քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտում բռնցքամարտի տեղն առավել ամրապնդելու, մարզաձևի լավագույն ավանդույթները վերականգնելու ուղղությամբ և բաց է համագործակցության համար: Մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր պատմական երկրին և ժողովրդին, որը սպորտի նկատմամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի»,- ասել է Ումար Կրեմլյովը: 

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարեն Գիլոյանին հրավիրել է ներկա գտնվելու հոկտեմբերին Սերբիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, ինչին ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել