ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց պատգամավորական գործունեության ծախսերի գումարը 200 հազար դրամով ավելացնելու նախագիծը |armtimes.com|
13:57 - 15 հուլիսի, 2021

ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց պատգամավորական գործունեության ծախսերի գումարը 200 հազար դրամով ավելացնելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն այսօր  քննարկեցին և առաջին ընթերմամբ ընդունեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։

ԱԺ նիստում  Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։

Ենգիբարյանն իր ելույթում ընդգծեց՝ նախագիծը բխում է հանրության շահերից. «Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»,–ասաց պատգամավորը:

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ իմաստ չկա հավելյալ 200 հազար դրամ գումար ավելացնելու, քանի որ այդ ծախսերն այսպես թե այնպես հոգվում են.«Այո, մարզի պատգամավորները մարզեր ուղևորվում են, սակայն Երևանի կամ ցուցակով ընտրված պատգամավորները, ինչպես տեսանք, մարզեր առհասարակ չայցելեցին, կամ գործուղումների միջոցով այցելեցին»:

Վիկտոր Ենգիբարյանն էլ նշեց՝ բոլոր պատգամավորները օրենսդիր աշխատանք են կատարում:

«Սակայն օրինակ՝ Պետաիրավական հանձնաժողովի պատգամավորները հատուկ ծանրաբեռնվածություն ունեն: Դուք որպես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր բազմաթիվ առիթներ եք ունեցել այցելելու ձեր մարզի բնակիչներին: Երբ պատգամավորները գործուղվում են արտասահման մենք գործ ենք ունենում մեծ ծախսերի հետ, և այդ ծախսերը ծածկվում են: Բայց համաձայնեք, որ հանրապետության ներսում պատգամավորների ծախսերը բարելավվելու կարիք կա»:

Հովսեփյանն էլ առաջարկեց պարգևավճարով խրախուսել այն պատգամավորներին, որոնք իրապես այդ գումարը ծառայեցնում են դրա համար տրամադրված առաքելությանը.«Ոչ թե բոլորը 250 հազար դրամ հավասարապես կստանան, մի մասը կվերցնի այդ գումարը ու կհամարի դա որպես աշխատավարձի մի մաս, այն դեպքում, երբ այդ գումարը պետք է ծառայի նպատակային, ինչը մենք չենք տեսել 2,5 տարվա ընթացքում»,-շեշտեց անկախ պատգամավորը:

Ենգիբարյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե որ պատգամավորն է լավ աշխատել, որը՝ վատ.«Դա միայն քաղաքացների գործն է, որը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ վերջին ընտրությունների միջոցով շատ խոսում ձևով մենք այդ գնահատականը ստացանք»:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ դիմելով Վիկտոր Ենգիբարյանին խնդրեց նախագծի ֆինանսական կողմին ավելի մանրամասն անդրադառնալ:

Պատգամավորը նկատեց՝ նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. «2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ»: Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի. «Պանդեմիայի ընթացքում էլ խորհրդարանը տնտեսել է և բյուջե է վերադարձրել մոտ 1,4 միլիարդ դրամ գումար»:

Ենգիբարյանը հիշեցրերց, որ վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն:

Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում: 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել