Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է |hetq.am|
13:12 - 16 հուլիսի, 2021

Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է |hetq.am|

hetq.am: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի շրջանակում 323 անձի նկատմամբ համաներում է կիրառվել:

Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից:

«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու» օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչից, վարժական հավաքից խուսափած անձինք օրենքի շահառու չեն կարող դառնալ:

Դատախազությունից հայտնել են նաև, որ ևս 3 անձի նկատմամբ օրենքի դրույթների կիրառման կապակցությամբ կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ:

Օրենքի նախագծի խորհրդարանական քննարկմանը արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը հայտնել էր, որ մայիսի չորսի դրությամբ 327 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 5433 անձ:

Հետաքրքրվել էինք նաև, թե նման քաղաքացիները հիմնականում որ երկրներից են վերադառնում և արդյոք Հայաստանից մեկնելու վերաբերյալ տվյալներ հավաքագրվում են: Դատախազությունից պատասխանել են, որ այդ քաղաքացիները հիմնականում ՌԴ-ից են վերադարձել, իսկ Հայաստանից մեկնելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել