Աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը. Ռոմանոս Պետրոսյան
17:56 - 16 հուլիսի, 2021

Աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը. Ռոմանոս Պետրոսյան

Կառավարության երեկվա որոշմամբ հաստատվեցին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները՝ տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Համայնքների և բնակավայրերի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող ընկերությունների ցանկն առավել լիարժեք դարձնելու,  ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ցանկում փոփոխությունների իրականացման ընթացակարգը ճկուն դարձնելու և ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը բարձրացնելու նպատակով կառավարության 15.07.2021թ N1149-Ն որոշմամբ հաստատվեցին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։ 

Համաձայն այդ չափորոշիչների բնապահպանական հարկի նպատակային օգտագործման գործընթացում պետք է ներառվեն նաև այն ընկերությունները, որոնց կողմից վճարվող բնապահպանական հարկի, մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի արտահոսքերի և ընդերքօգտագործման, արտադրության և սպառման թափոնների տեղադրման և պահման համար, հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 2 000 000 դրամից։ 

Միաժամանակ, համաձայն վերոնշյալ օրենքի՝ ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններն արդեն իսկ հանդիսանում են աղտոտող ընկերություններ, և վերջիններիս կողմից հաշվարկված օրենքով նախատեսված բնապահպանական հարկի գումարները սահմանված կարգով ուղղվում են ազդակիր համայնքներին։

Նշեմ նաև, որ կառավարության 01.04.2021թ․N447-Ն որոշմամբ հաստատվել է նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը։ 

Նշված որոշումների ընդունման արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը։ Կավելանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման  գործընթացում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել