Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա
19:38 - 20 հուլիսի, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել