Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախ չի այցելել․ պատճառների մասին վարչապետի աշխատակազմից չեն պատասխանում ըստ էության
16:46 - 21 հուլիսի,2021

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախ չի այցելել․ պատճառների մասին վարչապետի աշխատակազմից չեն պատասխանում ըստ էության

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վարչապետ ընտրվելուց հետո պարբերաբար աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, սակայն 2020 թվականի լայնածավալ պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը մինչ օրս որևէ այց չի իրականացրել դեպի Արցախ։ 

Պարզելու համար, թե ինչու Փաշինյանն այլևս աշխատանքային այցով չի մեկնում Արցախի Հանրապետություն, պաշտոնական հարցմամբ դիմեցինք վարչապետի աշխատակազմ և խնդրեցինք մեկնաբանել՝ ինչով է պայմանավորված այս հանգամանքը։ Սակայն մինչ հարցման պատասխանին անդրադառնալը ներկայացնենք, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո քանի աշխատանքային այցով է եղել Արցախի Հանրապետությունում։

2018 թվական

«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։ Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իր առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախի Հանրապետություն։

Այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հետ․ «Կարևոր եմ համարում, որ իմ առաջին այցը վարչապետի կարգավիճակում կայանում է հենց Արցախի Հանրապետություն, որովհետև Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն առաջնային են»,- իր խոսքում ասել է վարչապետ Փաշինյանը։

Առաջին այցից շուրջ մեկ ամիս անց՝ հունիսի 16-ին, վարչապետ Փաշինյանը նորից աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր, որի ընթացքում վերջինս այցելել է Արցախի Հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն սեպտեմբերի 18-ին էր, որի ժամանակ վարչապետը այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր։

2019 թվական

2019 թվականին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում եղել է 5 անգամ։ Առաջին այցը եղել է մարտի 11-12-ին։ Երկու օրերի ընթացքում վարչապետը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ, ապա կայացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Նիկոլ Փաշինյանն այս իրադարձությունը որակել է աննախադեպ։

Հաջորդ աշխատանքային այցը եղել է օգոստոսի 5-ից 7-ը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ, ապա մասնակցել է համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման միջոցառմանը։ Հենց այս աշխատանքային այցի ընթացքում է Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հրավիրել հանրահավաք, որի ժամանակ էլ հնչեցրել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։

Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած հաջորդ աշխատանքային այցը եղել է մայիսի 9-ին, որի ժամանակ վարչապետը մասնակցել է Շուշիում եռատոնին նվիրված միջոցառումներին։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Շուշիի Տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։

2019 թվականին Արցախի Հանրապետություն կատարած Նիկոլ Փաշինյանի վերջին այցերը եղել են նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին էր, որոնցից մեկի ժամանակ Փաշինյանն այցելել է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածի դիրքեր, իսկ մյուսի ժամանակ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների հետ։

2020 թվական

2020 թվականին մինչև լայնածավալ պատերազմի սկսվելը Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետություն այցելել է 3 անգամ։ Առաջին այցը եղել է մայիսի 9-ին, որի ժամանակ Փաշինյանը մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև այցելել է մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր։ Հաջորդ երկու այցերը եղել են օգոստոսի 29-ին և 30-ին

Այսպես՝ մեր պաշտոնական հարցման պաշտոնական պատասխանում նշված է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ տրվում է պատշաճ տեղեկատվություն։ 

Նշենք, որ մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը վերջին անգամ Արցախ այցելել է 2020 թվականի օգոստոսի 30-ին, հարցրել էինք, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին այցից մինչ օրս Փաշինյանի՝ Արցախ չայցելելու հանգամանքը։ Ինչպես տեսնում եք մեզ տրամադրած պաշտոնական պատասխանում, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հարցին չի պատասխանել ըստ էության։ Սակայն կարող ենք փաստել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախի Հանրապետություն։

Նարեկ Մարտիրոսյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել