Այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի, չեն վերացվել․ Ռոբերտ Քոչարյան
22:24 - 21 հուլիսի, 2021

Այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի, չեն վերացվել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն  3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին՝ արդյոք հունիսի 20-ին կայացած խորհրդանական արտահերթ ընտրություններով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, թե ոչ։

«Այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի, վերացվե՞լ են։ Իհարկե չեն  վերացվել։ Հիմա մենք մեկ հարցի պատասխանը պետք է տանք։ Ընտրությունները ժամանակի մեքենա՞ է, կարո՞ղ է ժամանակը հետ պտտացնել, թե՞ չի կարող։ Հասկանալի է, որ չի կարող ժամանակը հետ պտտացնել, հետևաբար այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, ամբողջ կյանքում հետապնդելու է այս քաղաքական թիմին»։

Քոչարյանի խոսքով՝ մոտ 400.000 մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար։ «Այս մարդիկ մնացել են Հայաստանում։ Այս մարդիկ, ի դեպ, երևի իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ, բնակչության բավական որակյալ հատվածն են։ Ինչպե՞ս է կարելի խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին այս պայմաններում»։

Նա նաև ընդգծել է, որ չկան ֆունդամենտալ հարցերի պատասխանները։ «Խոսքը չի գնում տարաձայնությունների մասին, թե ինչպիսի սոցիալական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում, մի քիչ ավելի լիբերա՞լ, թե՞ ավելի սոցիալիստական, խոսքը չի գնում պետության մասնակցության մասին տարբեր ոլորտներում, խոսքը գնում է ֆունդամենտալ հարցերի մասին, ֆունդամենտալ կորուստների մասին։ Մենք չունենք պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ։ Ինչպե՞ս ենք մենք կորցրել Շուշին, Հադրութը, այդ պատասխանները չունենալու պարագայում հնարավո՞ր է խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան ուղղակի լինել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել