Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան
11:32 - 22 հուլիսի, 2021

Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան

Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումներ նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։ Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը  մեր տարածաշրջանում կայունություն ու անվտանգությունը ապահովելու գործում։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս ընդգծեց, որ շարունակում է կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռկաողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես տարածաշրջանում կոմունիկացիաների բացման և Հայատսանի ապաշրջափակման մասով։ Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և հայկական կողմը  պատրաստ է շարունակել աշխատանքը այս ուղղությամբ։ Եվ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով։

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը։ Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խազնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումը անընդունելի է։ Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսկելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»,- հավելեց վարչապետի պաշտոնակատրը։

Փաշինյանն ընդգծեց, որ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու, ՀՀ ժողովրդից ստացած մանդատը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել