Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ. ՄԻՊ
11:43 - 22 հուլիսի,2021

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ. ՄԻՊ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը: Նշվում է, որ խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը  ընտանիքում որերորդ  երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական խնդիրներ:

Մասնավորապես, փոփոխությունը սահմանում է, որ ընտանիքում նոր ծնված երեխայի հերթական թիվը (կարգաթիվը ) որոշելիս հաշվի են առնվում նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նորածին երեխայի ծնողից սերված երեխաները և զավակները, եթե նոտարական ակտով հաստատված է նոր ծնված երեխայի քույրեր- եղբայրների՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը:  Այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո, իսկ հայրությունը ճանաչված է, ապա կենսաթոշակային մարմին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նոտարական ակտով հաստատված նոր ծնված երեխայի՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը: Բողոքները  վկայել են, որ պրակտիկայում նոտարները նման գործարք կատարելուց հրաժարվում են կամ հաստատում են ոչ պատշաճ փաստաթուղթ:

Որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ առաջարկվում է մյուս ծնողի կողմից հայտարարություն ներկայացնել իրենից սերված երեխաների բնակության վայրի և խնամք չիրականացնելու մասին: Սակայն բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծված ծնողները խուսափում է նման հայտարարություն ներկայացնելուց:

Ընտանիքում ծնված երեխաների կարգաթիվ սահմանելու նպատակը, ըստ էության այն է, որ տրամադրվող սոցիալական ապահովության միջոցը ծառայի ընտանիքի բազմազավակությամբ պայմանավորված կարիքներին, ինչպես նաև խթանիչ ազդեցություն ունենա: Հետևաբար, նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը պետք է ձեռք բերվի՝ հաշվի առնելով նոր ընտանիքում փաստացի խնամվող երեխաների քանակը և դրա համար պետք է ներդրված լինեն և կիրառվեն արդյունավետ մեխանիզմներ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ապահովել այնպիսի լուծումներ, որոնք անհարկի դժվարություններ չեն առաջացնի ծնողների համար:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել