Քաղաքացին Արցախում զոհվածի հարազատի անունից Facebook–ով գումար է խնդրել Կանադայում ապրող նրա բարեկամից․ երիտասարդը կալանավորվել է խարդախության համար․ ՔԿ
18:01 - 23 հուլիսի, 2021

Քաղաքացին Արցախում զոհվածի հարազատի անունից Facebook–ով գումար է խնդրել Կանադայում ապրող նրա բարեկամից․ երիտասարդը կալանավորվել է խարդախության համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 23-ամյա երիտասարդի կողմից խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը տեղյակ լինելով, որ Արարատի մարզի բնակչի թոռը զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ձեռք բերելով Արարատի մարզի բնակչի անվամբ գրանցված  ֆեյսբուքյան էջ մուտք գործելու հնարավորություն, «Messenger» հավելվածի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող վերջինս ծանոթ կնոջ հետ և զոհված թոռան գերեզմանատան ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է որպես օգնություն գումար ուղարկել: 23-ամյա տղայի կողմից նշված անձանց անվամբ դրամական փոխանցումների համակարգով կինը կատարել է խոշոր չափերի՝ 1.606.637 դրամի փոխանցում, ինչը երիտասարդը խաբեության եղանակով հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել