Հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը․ Սեդա Գրիգորյան
13:09 - 28 հուլիսի, 2021

Հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը․ Սեդա Գրիգորյան

«Հայաստանի կանանաց նախաձեռնությունը», որ ստեղծել են տարբեր բնագավառների ներկայացուցիչ կանայք, նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ դիտարկել ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիան՝ որպես տարածաշրջանի խաղաղությանը եւ ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգ, եւ քայլեր ձեռնարկել՝ դրա հետագա զարգացումը կանխելու եւ պատժելու ուղղությամբ։

Այս նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց, որ ստորագրահավաքը միավորեց հարյուրավոր հայերի՝ առցանց ձեւաչափով․ «Հայաստանի կանանաց նախաձեռնությունը» նաեւ պահանջագիր է ներկայացրել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական պատվիրակություններին, որոնցից շատերի ներկայացուցիչների հետ անձամբ զրուցել են եւ ներկայացրել խնդրի կարեւորությունը եւ, մասնավորապես, արեւմտյան պետությունների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մասնագետների հետ զրույցները հաստատել են կանանց համոզմունքը, որ լռելով եւ ՄԱԿ-ին մեր սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտ չներկայացնելով՝ ՀՀ իշխանությունները, կարծես, ցույց են տալիս, որ համակերպված են ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումների հետ եւ չեն դիտարկում դրանք՝ որպես սպառնալիք ՀՀ անվտանգությանը։

«Այսպիսի լռությունը կարող է մեզ զրկել հետագայում հնարավոր քայլեր անելու հիմնավորումից, քանի որ հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը, եւ դրանից հետո միայն հնարավոր կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել կամ ակնկալել միջազգային կառույցներից։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020-ի իր պատերազմական գործողությունները հիմնավորում էր՝ հղում կատարելով 1993թ․ ՄԱԿ-ի ընդուած բանաձեւերին՝ իր հերթին դրանց հաղորդելով միակողմանի եւ մանիպուլյատիվ մեկնաբանություն։ Սակայն փաստն այն է, որ իրենք կարողացան այդ բանաձեւերը վերածել քաղաքական գործիքի՝ սեփական ագրեսիան արդարացնելու համար։ Այսինքն՝ ՄԱԿ ԱԽ հայտ ներկայացնելն ինքնին որպես գործողություն, եւ դրան ի պատասխան՝ հնարավոր բանաձեւերի ընդունումը գուցե տվյալ պահին չլուծեն առկա ռազմական լարվածության հարցը, սակայն էական դեր են խաղում՝ քաղաքական հարթության վրա իրավիճակի արձանագրման, գնահատման եւ որոշակի քայլերի նախատեսման համար»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ունեցել են նամակագրություն եւ հաղորդակցություն հայաստանյան եւ միջազգային մի շարք կառույցների հետ։

Գրիգորյանը կարեւորեց հենց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արձագանքը եւ հանդիպման հրավերը։ Հունիսի 1-ին «Հայաստանի կանանց նախաձեռնության», Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի եւ 2020թ․ տեղահանված արցախցիների ներկայացուցիչները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Դենիս Սամպֆի հետ․

«Մենք ներկայացրինք համազգային ստորագրահավաքի նախաձեռնությունը եւ դրա հանրային պահանջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին հորդորելով քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման եւ ադրբեջանական ընթացիկ ագրեսիան կանխելու ուղղությամբ․Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն անվտանգ չի զգում ստեղծված արտաքին լարվածության արդյունքում, եւ նման խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն հանդիսանում է ՄԱԿ-ի առաքելության կարեւորագույն դրույթներից մեկը»,- պատմեց Գրիգորյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանդիպման մասնակիցները մանրամասնորեն անդրադարձել են նաեւ ռազմագերիների եւ տեղահանված արցախցիների խնդիրներին, ինչպես նաեւ՝ ադրբեջանական օկուպացիայի ներքո հայտնված տարածքներում գտնվող վտանգված հայկական մշակութային ժառանգությանը։ Ներկաները կոչ են արել ՄԱԿ-ին հումանիտար աջակցությունից զատ՝ նաեւ դիվանագիտական գործիքակազմ կիրառել՝ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը պատժելու նպատակով, կիրառել սանկցիաներ, հատուկ պատվիրակությամբ այցելել հայ ռազմագերիներին եւ հետեւողական լինել նրանց իրավունքների վերականգնման, հայրենիք վերադարձի հարցում։

«Տիկին Դենիս Սամպֆն իր հերթին հավաստիացրեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է իրականացնել հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու իր հանձնառությունը եւ անում է հնարավորը՝ ՄԱԿ-ի լիազորությունների շրջանակներում հրատապ խնդիրներին դիվանագիտական լուծումներ գտնելու համար: Նա ի գիտություն ընդունեց համազգային խնդրագրի պահանջը եւ խոստացավ քաղաքացիական հասարակության հետ այս ձեւաչափով հանդիպումները դարձնել շարունակական»:

Ինչպես նկատեց Գրիգորյանը՝ ի տարբերություն ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի՝ շատ բարկացնող եւ հիասթափեցնող էր ՄԱԿ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը․

«Մեր նամակին ի պատասխան՝ օրեր անց իրենց գրասենյակից պատասխան եկավ, որ մենք չենք կարող իրենց ուղիղ դիմել եւ պետք է դիմենք ԱԳՆ խողովակներով։ Այսինքն՝ մարդիկ կարդացել են նամակը, անցել է բավական ժամանակ, հետո երբ ըստ էության չեն կարողացել որոշակի պատասխան գտնել, մեզ ուղղորդել են միջնորդավորված հաղորդակցության դիմել։ Իսկ մենք ընդամենը հարցրել էինք, թե արդյոք նախատեսո՞ւմ են դիմել ՄԱԿ ԱԽ, եւ ինչպե՞ս մենք՝ որպես ՀՀ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, կարող ենք մեր գործունեությամբ նպաստել իրենց աշխատանքին՝ հաշվի առնելով արդեն իրականացրած քայլերը»,- հավելեց Գրիգորյանը։

Նախաձեռնության անդամները պլանավորում են շարունակել ստորագրահավաքը, ակտիվ պահել ՄԱԿ ԱԽ դիմելու անհրաժեշտության թեման, քննարկումներ ունենալ մասնագետների հետ եւ շարունակել հաղորդակցությունը միջազգային կառույցների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների հետ։ Գրիգորյանն ասաց, որ արեւմտյան երկրների ակտիվությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում եւ Հայաստանում ակնհայտորեն մեծանում է, ինչն արդեն իսկ համահունչ է նախաձեռնության ներկայացրած պահանջների ուղղվածությանը։

«Սակայն առկա գործընթացները դեռեւս որոշակի պատասխան չեն ներկայացնում ՀՀ սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի, ՀՀ եւ Արցախի բնակչության անվտանգության ապահովման, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանվածության, սահմանային կետերի վերազինման եւ ամրակայման հետ կապված պահանջներին ու մտահոգություններին։ Այնպես որ, մենք հետեւողականորեն բարձրաձայնելու ենք այս հարցերի մասին եւ շարունակելու ենք ընդլայնել մեր նախաձեռնության շարքերն ու լսարանը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է նախաձեռնությանը՝ դրա հիմնադիրների գործունեությունն այս կամ այն կերպ ուղղակիորեն կապված է պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում երկրում ընթացող իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին․ «Լինելով ակտիվ քաղաքացիներ՝ յուրաքանչյուրս մեր բնագավառում մշտապես արձագանքել ենք, փորձել մասնակցել ու ազդել երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը՝ խոսելով իրենց նպատակների մասին։ 

«Այդպես, օրինակ, տիկին Զարուհի Մուրադյանն իր տնօրինությամբ գործող Սարգիս Մուրադյան պատկերասրահը վերածել էր քողարկող ցանցերի, վերմակ-դոշակների պատրաստման կետի, որտեղ հավաքվում էին տասնյակ կամավորներ, գերազանցապես՝ կանայք, որոնք օրնիբուն աշխատում էին՝ բանակին ու տեղահանված հայրենակիցներին աջակցելու համար։ Նրանց նախաձեռնությամբ հսկայածավալ աշխատանք իրականացվեց՝ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման, պատրաստման եւ թիրախային մատակարարման ուղղությամբ։ Տիկին Անուշ Սեդրակյանը կարեւոր հանդիպում-քննարկումների շարք նախաձեռնեց՝ հանրային դիսկուրս բերելով այն կարեւոր հարցերը, որոնք մանիպուլացվում են Ադրբեջանի կողմից եւ պատշաճ ու հիմնավորված արձագանքի չեն արժանանում պաշտոնական Հայաստանից»։

Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնության մեջ կան վավերագրող ռեժիսորներ, որոնք պատերազմի օրերին եւ հետո էլ նկարահանել ու լուսաբանել են իրադարձությունները, նպաստել ադրբեջանական պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների միջազգային հանրայնացմանը, հետպատերազմյան օրերին հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրով կամավորական աշխատանքներին եւ այլն։ Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնության յուրաքանչյուր անդամ փորձել է առավելագույնն անել՝ լրացնելու պետական ձախողումների թողած բացն այն օղակներում, որտեղ կարող էին որեւէ կերպ օգտակար մասնակցություն ունենալ։ Կանանց նպատակը եղել է Հայաստանի համար այդ օրհասական պահին իրենց ուժերի ներածի չափով նպաստել խնդիրների հաղթահարմանը, թեթեւացնել այն մարդկանց հոգսը, որոնք առաջնագծում էին կամ անմիջականորեն տուժել էին պատերազմից։

«Այս նախապատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պարզ դառնա, որ թեեւ նախաձեռնությունն ինքնին ձեւավորվել է միայն մայիսի վերջին, սակայն մենք նախորդ ամիսներին եւս ներգրավված ենք եղել մեծ կամ փոքր սոցիալական, կրթական, տեղեկատվական եւ այլ կամավորական նախաձեռնություններում, պարբերաբար հանդիպել ու քննարկել ենք կարեւոր անելիքները։ Երբ սկսվեցին ադրբեջանական ոտնձգությունները Սյունիքում՝ ՀՀ սուվերեն տարածքում, եւ երբ հասկանալի դարձավ, որ ՀՀ կառավարությունը չի գնալու զինված բախման, մենք հանդիպումներ ունեցանք ոլորտի մասնագետների հետ ու եկանք համաձայնության, որ այս իրավիճակում պետք է ներկայացվեն Հայաստանի ժողովրդի դիրքորոշումն ու կամքը»,- ասաց Սեդա Գրիգորյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել