Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան
16:18 - 28 հուլիսի, 2021

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Այս գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական և ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում և սույն թվականի մայիսի 12-ից սկիզբ առած Հայաստանի սուվերեն տարածք նրանց ներթափանցման համատեքստում։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

Ռուբինյանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Արդբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին։ «Մենք օգտագործելու ենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը՝ ըստ պատեհության։ Մայիսի 12-իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, և կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, սրանից բխող բոլոր հետևանքներով»։

Խոսելով Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մասին, ըստ որի Ադրբեջանը Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ նախահարձակ գործողություններ է սկսել, Ռուբինյանն ասել է․ «Մայիսի 12-ից սկսված իրավիճակին, նկատի ունեմ ՀՀ սահմանների խախտման հետ կապված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների և կապի մեջ ենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերներ հետ։ Մեր պաշտոնապես հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի՝ սահմանից հայելային հետքաշման և ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ, ինչը հնարավորություններ կստեղծի ապագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու, և այս քննարկումները այդ ծիրի մեջ են։ Իսկ առավել մանրամասն կարծում եմ՝ համապատասխան գերատեսչությունը կհայտնի»։

Ռուբինյանը հավելել է, որ ՀՀ զինված ուժերը թույլ չեն տալու որևէ ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքներից ներս։ «Դա այս գիշեր ապացուցվեց»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:

Ավելի ուշ պաշտպանական գերտեսչությունը հայտարարել էր, որ հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ 

09։20-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, հակառակորդը կորուստներ տալով հետ էր շպրտվել։

Այնուհետև ՊՆ-ն հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել