Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները |armenpress.am|
16:48 - 28 հուլիսի, 2021

Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կողմից  36 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենքի և  50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է  «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 28-ին Գյումրի այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 36 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում: Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք- շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս: Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։ Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։ Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար` նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն:

«Շինարարությունը նախատեսված է հաջորդ տարի ավարտել, բայց շինարարական կազմակերպությունը բավական արագ տեմպերով աշխատում է և կփորձի այս տարեվերջ, կամ հաջորդ տարվա սկզբին ավարտել շինարարությունը: Որակից և տեմպերից շատ գոհ եմ: Մի լավ լուր ևս ունեմ՝ ծրագիր կա ևս 2 բնակելի շենքի կառուցման, որոնց բնակարանների մի մասը նախատեսվում է  տալ  վերջին պատերազմում զոհված ու հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին, որոնք բազմանդամ, անօթևան կամ էլ սոցիալապես անապահով են:  Նախատեսվում է, որ նոր շենքերը կունենան 60 բնակարան, որոնցից առնվազն 25-ը կտրվի պատերազմի մասնակիցների ընտանիքներին»,-նշեց Հայկակ Արշամյանը:

«Առաջին հարկում ունենք տարածք, որը կփորձենք վարձակալությամբ տալ և գումարը ուղղել շենքերի պահպանությանը։ Միևնույն ժամանակ շենքերի վերևի՝ հավելյալ հարկերում, ուզում ենք արվեստագետներին արվեստանոցներ տրամադրել, ստուդիոներ՝ ոչ մշտական բնակության համար. ցանկացած արվեստագետ, նկարիչ կամ քանդակագործ, ով ցանկանա,  կկարողանա գալ, ապրել այստեղ վեց ամիս, որպեսզի շենքի երեխաները մանկուց մոտիկ լինեն արվեստին և ավելի հեշտ ինտեգրվեն», - նշեց  Հայկակ Արշամյանը։

Ծրագրի մեկնարկը հնարավոր է դարձել 2019թ. Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության և ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի ջանքերով կազմակերպված հեռուստամարաթոնի, ինչպես նաև Հիմնադրամի մշտական գործընկեր ԱԿԲԱ բանկի ներդրման շնորհիվ: Հեռուստամարաթոնին միացել են բազմաթիվ նվիրատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքի տարբեր համայնքներից:  

Ֆրանսիայում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսավորմամբ էլ կառուցվելու է մանկապարտեզը:

Արմենուհի Մխոյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել