ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր
12:40 - 29 հուլիսի, 2021

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր: 

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի և Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաև Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների և բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների հետ:

Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել