Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին |civilnet.am|
17:32 - 29 հուլիսի, 2021

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին |civilnet.am|

civilnet.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարը մեկնաբանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՀԱՊԿ կայքը։ Մեկնաբանությունն ամբողջությամբ ներակայցնում ենք ստորև․

«28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ զոհվել են, 4-ը՝ վիրավորվել։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։

Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել