Ի՞նչ հակացուցումներ ունեն կորոնավիրուսի պատվաստանյութերը, և ո՞ր դեպքերում չի կարելի պատվաստվել․ պարզաբանում է համաճարակաբանը
17:18 - 30 հուլիսի, 2021

Ի՞նչ հակացուցումներ ունեն կորոնավիրուսի պատվաստանյութերը, և ո՞ր դեպքերում չի կարելի պատվաստվել․ պարզաբանում է համաճարակաբանը

Աշխարհում շարունակվում է կորոնավիրուսի տարածումը, դրան զուգընթաց՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Ի՞նչ հակացուցումներ ունեն պատվաստանյութերը, ո՞ր խմբերին պատկանող մարդկանց ոչ մի դեպքում չի կարելի պատվաստվել։

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանն ասում է, որ առհասարակ պատվաստանյութերի հակացուցումների դեպքում կա երկու մոտեցում՝ բացարձակ հակացուցում և ժամանակավոր հակացուցում։

«Պատվաստումային գործընթացում բացարձակ հակացուցում համարվում է ծանր ալերգաբանական ռեակցիան, մասնավորապես՝  նախորդ պատվաստման մասով անաֆիլակտիկ շոկը։ Այսինքն՝ եթե նախորդ պատվաստումից նման ռեակցիա է առաջանում, մյուս դեղաչափը այլևս չի ներարկվում։ Դա համարվում է բացարձակ հակացուցում»։

Բադալյանի խոսքով՝ պատվաստանյութի ժամանակավոր հակացուցում կարող է նշանակվել, եթե, օրինակ, մարդն ունի քրոնիկ հիվանդություն և գտնվում է այդ հիվանդության սրացման փուլում։ «Հղիությունը, օրինակ, համարվում է ժամանակավոր հակացուցում։ Ճիշտ է, կախված իրավիճակից՝ հղիներն էլ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Պատվաստանյութերի փորձարկումների ժամանակ հղիությունը չի դիտարկվում որպես օրենք, դրա համար զգուշավոր մոտեցում ենք ցուցաբերում և առողջական վիճակից ելնելով՝ կարող ենք անել, կարող ենք չանել։ Մեծամասամբ, երբ արվում է, իրեն միշտ արդարացնում է։ Ժամանակավոր հակացուցում կարող է նշանակվել սուր վիճակներից, երբ, օրինակ, մարդը որևէ հիվանդությամբ հիվանդացել է և այդ հիվանդության սուր փուլում է գտնվում։ Նորածնի ցածր քաշը, օրինակ, նույնպես կարող է համարվել ժամանակավոր հակացուցում։ Այսինքն՝ բառը հուշում է, որ դու պարզապես հետաձգում ես պատվաստումը»։

Համաճարակաբանն ասում է նաև, որ պատվաստանյութերի առնչությամբ գոյություն ունի զգուշավորության գաղափարը, երբ հայտնի է, որ այս կամ այն պատվաստանյութի վերաբերյալ որոշակի դեպքեր են գրանցվել, և անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել։ «Դա, ըստ էության, հակացուցում չի համարվում, բայց որպես բժիշկ՝ պետք է հասկանաս՝ արժե՞ անել, թե՞ ոչ։ Այսինքն՝ զգուշավորություն պետք է ցուցաբերել»։

Արմեն Բադալյանը նաև նշում է, որ չի կարելի կենդանի պատվաստանյութեր ներարկել բնածին իմունապակասորդի, ինչպես նաև Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեպքում։

Նա նաև նշում է, որ ալերգիան պատվաստանյութերի դեպքում չի համարվում հակացուցում։ «Եթե ինչ-որ սուր շրջան չկա, ապա ալերգիան բացարձակապես չի համարվում հակացուցում։ Եթե ինչ-որ խնդիր կա, օրինակ, այդ պահին ինքը բժշկական միջամտություն է ստանում, այդ դեպքերում, բնականաբար, պետք է վիճակը հանդարտվի, դրանից հետո պատվաստումները լինեն»։

Անդրադառնալով երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստավելուն՝ Բադալյանը նշում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող 3 պատվաստանյութերը 18 տարեկանից բարձր խմբի համար են։ «Սակայն կա նաև, օրինակ, «Pfizer» պատվաստանյութը, որը նախատեսված է նաև 12-17 տարեկանների համար, և որին իրենց կառավարող մարմինն արտակարգ կիրառման թույլտվություն է տվել։ Դեռ միայն այս պատվաստանյութն է, որ նախատեսված է երեխաների համար, բայց ես համոզված եմ, որ մյուս կազմակերպությունները փորձարկումների փուլում են։ Իհարկե, այդ կազմակերպությունների թիվը քիչ կլինի, որովհետև հեշտ չէ երեխաների շրջանում փորձարկումներ կատարելը»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք պատվաստանյութերը կարո՞ղ են մեծահասակների համար վտանգավոր լինել, Բադալյանն ասում է՝ չկա բժշկական միջամտություն, որը չունենա իր խնդիրները։ «Բնականաբար, մեծահասակների շրջանում կա այդ խնդիրը, կան ռիսկեր, բայց հասկանում ենք, որ օգտակարությունը ավելի մեծ է, քան ռիկսերը, և այդ սկզբունքով ենք առաջ շարժվում։ Բնականաբար, կան ռիսկեր, բայց դրանք շատ փոքր են ու չնչին»։

Բադալյանն ընդգծում է, որ պատվաստանյութերը կլինիկական փորձարկումներ են անցնում ու անվտանգ են համարվում։ «Պարզապես քանի որ օրական կտրվածքով տասնյակ միլիոնավոր դեղաչափեր են արվում, կարող են խնդիրներ առաջանալ, որոնք նույնիսկ կլինիկական փորձարկումների ժամանակ ի հայտ չեն եկել։ Դրանց հաճախականությունը շատ հազվադեպ է, և կրկնեմ, որ ռիսկերը ավելի քիչ են, քան օգտակարությունը։ Պատվաստանյութերի դեպքում հետմարկետինգային հսկողություն է սահմանվում։ Կարող ես պատվաստանյութը 1974 թվականից օգտագործել, բայց այն շարունակի մշտադիտարկման փուլում լինել։ Մեծ հաշվով, յուրաքանչյուր պատվաստանյութի, դեղորայքի վերաբերյալ կարող ենք ենթադրել, որ այն հետո կարող է ինչ-որ խնդիր առաջացնել, բայց միայն այդ սկզբունքով առաջ գնալը ճիշտ մոտեցում չէ։ Այսօր կիրառվող պատվաստանյութերի մեծ մասը ավելի հին տեխնոլոգիաներով են ստեղծված, մյուսները՝ նոր։ Նոր ասելով՝ նկատի ունեմ, որ դրանք մոտավորապես 20-30 տարվա վաղեմություն ունեն, այսինքն՝ փորձարկումները մարդկանց շրջանում, կենդանիների շրջանում եղել են։ Մեծ հաշվով, կորոնավիրուսի պատվաստանյութերի 290-ից ավելի թեկնածուներ կան, բայց կիրառում ենք մոտ 9-10-ը, այսինքն՝ պատվաստանյութերը շատ բարդ ընտրության փուլ են անցնում»։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել