18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նոր նախագիծ
11:09 - 31 հուլիսի, 2021

18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նոր նախագիծ

Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը:

Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:

Այս համատեքստում անդրադարձել են նաև ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքերի հայտնաբերման, մեկուսացման, կոնտակտավորների հսկողության կիրառվող մեխանիզմներին և հետագա անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել