Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան
21:23 - 31 հուլիսի, 2021

Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան

Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմամբ հայկական կողմը կփորձի զսպիչ գործոն ստեղծել կողմերի միջև՝ սահմանային միջադեպերը բացառելու նպատակով, քանի որ ռուս սահմանապահների ուղղությամբ արձակված գնդակը կլինի հենց Ռուսաստանի վրա կրակոց։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնատար Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հուլիսի 29-ի կառավարության  նիստի ընթացքում ասել էր, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Նարեկ Գալստյանի խոսքով՝ հայկական կողմը ռուս սահմանապահների հնարավոր տեղակայումը բացատրում է համապատասխան ռեսուրսներ չունենալով․ «Հայկական կողմը հայտատարում է, որ առայժմ կարողություններ չունի հայկական  Զինված ուժերով, ապա նաև սահմանապահ զորքերով ամբողջ սահմանագծին տեղակայվելու համար։ Պատճառաբանությունն այն է, որ պատերազմի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը երկարել է, և հիմա կարիք կա այնտեղ նոր դիրքեր սարքելու, կահավորելու, մարդկանց տեղակայելու։  Նաև այսպիսի տեխնիկական բացատրություն է  տրվում»։

Քաղաքագետն ասում է՝ եթե հայկական կողմի այս պատճառաբանությունը համապատասխանում է իրականությանը, ապա ռուս սահմանապահների տեղակայումը արդարացված է՝ ընդգծելով, սակայն, որ այս քայլը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ «Եթե այս պահին ինքդ չես կարող քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը, սահմանային միջադեպերը բացառելու համար, ապա այո՛, ռուս սահմանապահների տեղակայումը լավ է, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, ապա սա լավ երևույթ չէ։ Պետությունը փաստացի իր սահմանային վերահսկողությունը ամբողջությամբ հանձնում է երրորդ պետությանը։ Սա, իհարկե, խոսում է ինքնիշխանության նվազման մասին։Ինչ կլինի հետո, չեմ կարող ասել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, և ներկայիս իշխանությունների գործողությունները ոչ միշտ են երկարաժամկետ պլանավորման տպավորություն թողնում, կարծես թե ավելի շատ իրավիճակին հարմարվելու, իրավիճակում կողմնորոշվելու հարց են լուծում»։

Նարեկ Գալստյանի խոսքով՝ ռուս սահմանապահների տեղակայումը տեսականորեն և տեխնիկական տեսանկյունից հնարավոր է, բայց մանրուքներով հարուստ խնդիրներ կան․ «Հասկանալի է, որ ռուսական կողմը հենց այնպես դա չի անում, դրա դիմաց ինչ-որ բաներ է ակնկալում։ Օրինակ, գիտենք, որ Սյունիքում ռուսական կողմը ունի հենակետեր։ Նմանատիպ  հենակետեր գուցե Տավուշում, Գեղարքունիքում լինեն։ Ռուսական կողմը պետք է ունենա իր ռազմական հենակետերը այն վայրերում, որտեղ տեղակայվում է, բազայանման ինչ-որ բաներ՝ օպերացիոն խնդիրներ լուծելու համար։ Պետք է հստակեցնել նաև, թե ով է լուծում, օրինակ, ռուս սահմանապահների սննդի, հագուստի, աշխատավարձի հարցերը։ Պետք է հասկանալ՝ ինչ ենք մենք տալիս դրա դիմաց և ինչ ենք ստանում, պետք է հասկանալ դրա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքները։ Այսինքն՝ շատ արագ կարող են պայմանավորվածություն ձեռք բերել և զորքը տեղակայել, մյուս խնդիրները առաջանալու են դրանից հետո»։

Ադրբեջանական զորքերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցելուց հետո՝ մայիսի 27-ին, հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայել միջազգային դիտորդների՝ Ռուսաստանի և կամ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության երկրներից։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ մերժում ստանալուց հետո է Հայաստանը դիտարկում ռուս սահմանապահների տեղակայման տարբերակը՝ քաղաքագետն ասում է՝ մերժում ստանալու վերաբերյալ տեղեկություններ չկան՝ շեշտելով, սակայն, որ ռուսական կողմին դուր չէր գա որևէ այլ պետության ներկայությունը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին էր խոսվում։ Հիշենք, որ Ֆրանսիան բազմիցս, այդ թվում՝ պատերազմի օրերին, իր աջակցությունը և օգնելու պատրաստակամությունն է հայտնել տարբեր ձևաչափերով։ Ես չգիտեմ՝ այդ հարցը (միջազգային դիտորդների տեղակայման հարցը- խմբ․)  քննարկվե՞լ է, օրինակ, Ֆրանսիայի հետ, և արդյոք հայկական կողմը ստացե՞լ է բացասական պատասխան Ֆրանսիայի կողմից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները և այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, ես վստահ եմ, որ ռուսական կողմին դուր չէր գա, որ բացի իրենից որևիցե մեկը այդտեղ լիներ։ Եթե հաշվի առնենք, թե այս պահին ով ունի ավելի մեծ ազդեցության լծակ և գնալով աճող ազդեցության լծակ Երևանի վրա, վստահ կարող ենք ասել, որ դա ռուսական կողմն է։ Միգուցե չի էլ հասել այդ աստիճանի, որ դիմի և ստանա բացասական արձագանք, և գուցե ռուսական կողմը հուշել է՝ ինչու՞ դիմել որևիցե մեկին, եթե ես այստեղ եմ և ինքս էլ կանեմ այդ քայլը»։

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը (այդ մասին հուլիսի 29-ին հայտարարել էր Փաշինյանը)՝ քաղաքագետն ասում է, որ դա գործնական առումով Հայաստանին ոչինչ չի տա։ «ՀԱՊԿ-ի յուրահատկությունները հաշվի առնելով՝ որոշ թեմաներ, որոնք մեզ մտահոգում են, ավելի հաճախ քննարկվեն այստեղ (օրինակ՝ ավելի ակտիվ ներգրավվածությունը ներկայիս իրադարձություններին, կամ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ զենք-զինամթերքի առքուվաճառքը): Հայկական կողմը կօգտվի իր որոշակի արտոնություններից, բայց խնդիրները լուծում չեն ստանա, ինչպես երբևէ չեն ստացել»,-ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը ստանձում է ՀԱՊԿ նախագահությունը, և այդ կարգավիճակը երբևէ որևէ ստրատեգիական խնդիր Հայաստանի համար չի լուծել։

Անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը ՀՀ սահմանին տեղակայելու վերաբերյալ հայտարարությանը՝ Նարեկ Գալստյանն ասում է, որ պետք է հստակեցնել, թե ինչպես է հայկական կողմը պատկերացնում մոնիթորինգի տեխնիկական գործընթացը․ «Համաշխարհային պրակտիկայում մի քանի ձևեր կան։ Դա կարող է լինել կոմբինացված, այսինքն՝ մի քանի բաղադրիչներ ունեցող։ Օրինակ, տարբեր երկրների ներկայացուցիչներ գան, ինչ-որ պարբերականությամբ դիտարկումներ անցկացնեն, բարձրանան սահման, տեսնեն՝ ինչն ինչոց է, և վերադառնան։ Գուցե դա ենթադրում է մշտական մոնիթորինգ, այսինքն՝ համապատասխան տեխնիկական սարքավորումների,  կահավորանքի տեղակավորում և այլն։ Հնարավոր է նաև այս երկու տարբերակները ներառել։ Սա շատ լուրջ ֆինանսական խնդիրների հետ է կապված, բայց պետք է հասկանալ, որ այս հարցը նոր չէ։ Շատ վաղուց կա այդպիսի պայմանավորվածություն։ Ավելին՝ Ապրիլյան պատերազմից հետո այնտեղ երկու համաձայնություն ձեռք բերվեց, և դրանց մեջ ևս հիշատակվում էր այս հանգամանքը․ ըստ էության, սա նոր թեմա չէ, պարզապես այն ժամանակ իրավիճակը նշանակալիորեն այլ էր»։

Քաղաքագետի խոսքով՝ հիմա ուրիշ հարցեր են ի հայտ եկել, սահմանագծման, սահմանազատման խնդիր կա․ «Ամեն ինչ գնացել է նրան, որ, իբր, հստակ չէ, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը որտեղով է անցնում։ Մինչև այսպիսի հարցերը չպարզվեն, այստեղ մոնիթորինգի հարց չեն կարող քննարկել։ Պայմանականորեն կարող են ասել, որ շփման գիծն են մոնիթորինգ անում, ոչ թե բուն սամանը, և երբ ճշտենք՝ սահմանը որն է, այդ ժամանակ էլ սահմանը կմշտադիտարկենք և այլն, բայց սա էլ առայժմ արագ լուծվող հարցերից չէ»։

Նարեկ Գալստյանը նաև ասում է, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման հարցի սրությունը էականորեն կնվազի ռուս սահմանապահների տեղակայման պարագայում․ «Հայկական կողմին կասեն, որ այնտեղ տեղակայված են համանախագահներից մեկի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, մոնիթորինգի խիստ անհրաժեշտություն չկա, և կարող են փակել այս հարցը։ Իհարկե, իդեալական տարբերակում խնդիրը չէր լինի, եթե հայկական կողմը ունենար բավարար կամք, բավարար կարողություն՝ այս բոլոր հարցերը ի սկզբանե կանխելու, ոչ թե թույլ տար, որ ամեն ինչ հասներ այս իրավիճակին։ Ամեն դեպքում, այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ կարող գնահատել մեր կարողությունները՝ թե՛ նյութատեխնիկական առումով, թե՛ բանակի հետ կապված։ Չեմ կարող վստահ գնահատել մեր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ամեն դեպքում, պարտված կողմը միշտ էլ ավելի խոցելի հոգեբանություն է ունենում, ու նաև հանգամանքներ կան, որոնք նախկինում, իհարկե, կային, բայց այսքան սուր չէին։ Ուժային բալանսի փոփոխություն կա ռեգիոնում և այլն։ Այս բարդ իրավիճակում թույլ պետություն ունենալը սարսափելի վտանգավոր է։ Դա կարող է հանգեցնել հեռուն գնացող հետևանքների, այսինքն՝ պետք է հասկանալ, որ առաջնահերթությունը պետության կարողությունների ուժեղացումն է»։

Նարեկ Գալստանի խոսքով՝ պետության կարողությունների ուժեղացման հնարավորություն հայկական կողմը ունի․ «Որոշ բաներ անել, իհարկե, հնարավոր է։ Ես չեմ պատկերացնում՝ դիրքերի ամրացման աշխատանքները ինչ կապ ունեն Ռուսաստանի, Ամերիկայի կամ Ֆրանսիայի հետ։ Ցեմե՞նտ չունենք, տեխնիկական միջոցնե՞ր չունենք, թե՞ մանսագետներ չունենք այդ դիրքերի կահավորման, ամրացման համար։ Բաներ կան, որ մենք կարող էինք շատ ավելի շուտ արած լինել։ Իհարկե, կողքից նայելիս ավելի հեշտ է թվում այդ պրոցեսը, բայց  9 ամսում այսօր առկա խնդիրների զգալի մասը կարելի էր մեղմել կամ լուծել»։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել