Ըստ Ռուբինյանի` Հին Թաղերը, Խծաբերդը և Դիզափայտը չեն հանձնվել, ապօրինաբար գրավվել են |hetq.am|
12:10 - 03 օգոստոսի, 2021

Ըստ Ռուբինյանի` Հին Թաղերը, Խծաբերդը և Դիզափայտը չեն հանձնվել, ապօրինաբար գրավվել են |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում են ԱԺ փոխխոսնակների ընտրությունները։

Պատգամավորները հարցեր են հղում ԱԺ փոխխոսնակի առաջին տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կնքումից մեկ ամիս անց լրացուցիչ տարածքներ են հանձնվել Կովսականի ու Սանասարի շրջանների այն հատվածներից, որոնք վերոնշյալ փաստաթղթով գտնվում էին հայկական վերահսկողության ներքո:

«Նույնը վերաբերում է Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերին, հարակից բարձունքներին, Դիզափայտ լեռանը: Հետագայում Ձեր ղեկավարը նշեց, որ դա չէր համապատասխանում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, սակայն եղել է բանավոր փոխըմբռնում և պատերազմի վերսկսման վտանգ, ինչի հետևանքով այդ տարածքները հանձնվել են Ադրբեջանին»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատերազմի վտանգի սպառնալիքի պարագայում Հայաստանի իշխանությունները չեն զիջի նոր տարածքներ ՀՀ սահմաններից:

«Ինչ վերաբերում է Հին Թաղերին, Խծաբերդին և Դիզափայտին, դրանք չեն հանձնվել, ապօրինաբար, եռակողմ հայտարարության անկնհայտ խախտմամբ, ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը:

Խոսելով Սյունիքի մարզի հարակից հատվածների մասին՝ Ռուբինյանն ասաց, որ դրա պատասխանը տրվել է մի քանի անգամ, և տրամաբանությունն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ընդունված սահմանը որոշակի երաշխիք է:

«Որովհետև մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում այն շրջանում որ նշում եք, օրինակ Կովսական, մի բան է, երբ զորքերը կանգնում են նախկին հայկական ՀԽՍՀ սահմաններին: Դա է եղել տրամաբանությունը, այժմ նման բան հնարավոր չէ, այն պարզ պատճառով, որ կանգնած ենք ՀՀ սահմաններին: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ ՀԱՊԿ սահմանն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Աբրահամյանն արձագանքեց` մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի մի շարք հատվածներ, և դրանք բռնազավթված են:

«Ձեր ասած հիմնավորմամբ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է զավթել ցանկացած հատված»,- ասաց Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ ստացվում է ՀՀ քաղաքացին անվտանգության երաշխիքներ չի կարող ունենալ առ այն, որ նոր տարածքներ կզիջվեն պատերազմի վերսկսման վտանգի պատճառով:

Ռուբինյանը պատասխանեց` ադրբեջանական ստորաբաժանումները չեն կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք, և որպես ապացույց ներկայացրեց Գեղարքունիքի մարզում օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, որին ըստ Ռուբինյանի, զինված ուժերը փայլուն դիմակայեցին:

«Ինչ վերաբերում է Սև լճի և Գեղարքունիքի մյուս հատվածներին, որտեղ ապօրինաբար են գտնվում ադրբեջանական զորքերը, այնտեղից պետք է դուրս գան: Մեր վերլուծություններով այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել եռակողմ պայմանավորվածության տարածաշրջանային կոմունիկացիների ապաշրջափակման կետը»,- ասաց ՔՊ փոխխոսնակի թեկնածուն: Նա վստահեցրեց, որ իշխող ուժը քաղաքական դիվանագիտության ճանապարհով փորձում է խնդիրը լուծել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել