Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
20:11 - 03 օգոստոսի, 2021

Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, ինչի արդյունքում ձեռք են բերվել առերևույթ  հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ն 28.10.2020թ.-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2015թ.-ի նոյեմբերի 16-ին տրամադրված № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման դիմում: Վերջինիս գնահատման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվությունների և Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվությունների միջև կան անհամապատասխանություններ:

Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված  ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3» փհէկ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան: Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1» փհէկ-ի չգործելու դեպքում, սակայն պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ:

Այսինքն՝ ՍՊԸ-ի № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման նպատակով 28.10.2020թ.-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացրել ենթադրաբար կեղծ գրառումներով ջրօգտագործման թույլտվություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք պատրաստելու, իրացնելու, օգտագործելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և առկա է դեպքին առնչվող հանգամանքների պարզում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել