Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են
14:54 - 04 օգոստոսի, 2021

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի վերաբերյալ երկու կողմերը, ինչպես ընդունված է, տարածել են մամուլի հաղորդագրություն։ Սակայն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են։

Բանն այն է, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ նշված է, թե նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Ըստ հրապարակված տեղեկության՝ համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն, նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

ՀՀ վարչապետն, ըստ հայկական կողմի հայտնած տեղեկության, համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

Իսկ ահա ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ թեեւ նշված է ե՛ւ Փաշինյանի վերանշանակման կապակցությամբ շնորհավորանքի, թե՛ COVID19-ի դեմ պատվաստանյութի դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության եւ թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության վերաբերյալ խոսակցության մասին, սակայն գեթ մեկ տող չկա սահմանագծման եւ սահմանազատման հույժ կարեւորության մասին: Ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ըստ ֆրանսիական կողմի հաղորդագրության՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում:

Իսկ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է հատվածը, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն նշված է, որ Մակրոնը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետեւողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

Infocom-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետի աշխատակազմից, սակայն աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր բոլոր հարցերին ի պատասխան ասաց՝ «պաշտոնական հաղորդագրությանը հավելելու որեւէ բան չունեմ»։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից Infocom-ի հարցերին ի պատասխան՝ ասացին, որ ծանոթ չեն երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մանրամասներին եւ թարգմանել ու տարածել են միայն ֆրանսիական կողմի պաշտոնական հաղորդագրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել