Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին
16:46 - 18 օգոստոսի, 2021

Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Այս տարվա հուլիսին ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքային շրջանի վերջում հասցրեց ընդունել մի նախագիծ, որը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ․ խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում մի փոփոխության մասին է, որով ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար նախատեսված գումարը 50․000 դրամից դարձավ 250.000 դրամ։ 

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը: 

Նախագծի հեղինակները ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են․ Ենգիբարյանի կարծիքով՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, եւ իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացման օրվանից: Իսկ այս գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին արդեն սկսել է առաջին նստաշրջանի աշխատանքները։

Դեռ նախորդ տարվա մարտին եւ հուլիսին Infocom-ը հարցումներ էր ուղարկել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց գործունեության մանրամասներին ծանոթանալու համար։ Ի թիվս մի շարք հարցերի՝ պատգամավորներին խնդրել էինք ներկայացնել, թե մարզային քանի այցեր են ունեցել, քաղաքացիների քանի ընդունելություն են անցկացրել, եւ այլն։ Ի դեպ՝ նախագծի համահեղինակներից միայն Վիկտոր Ենգիբարյանն է պատասխանել հարցմանը, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն առհասարկ չի արձագանքել։

Ստորեւ ներկայացնում ենք, թե 7-րդ գումարման խորհրդարանի՝ հարցմանը մասնակի կամ ամբողջությամբ պատասխանած որ պատգամավորներն ինչ այցեր են կատարել մանդատը ստանալուց մինչեւ 2020թ․ մարտ, ոմանք՝ հուլիս ամիսը, եւ թե ովքեր ընդհանրապես չեն պատասխանել հարցումներին։

7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցություն

Infocom-ը հարցումներ էր ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 52-ը մեր հարցումներն ուղղակի անպատասխան էին թողել, իսկ 10-ը՝ հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունները հրապարակված են բաց աղբյուրներում՝ ԱԺ պաշտոնական կայքում, Հայտարարագրերի ռեեստրում, parliamentmonitoring.am հարթակում, եւ որ աշխատավարձերի վերաբերյալ հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ԱԺ աշխատակազմից։

Բաց աղբյուրներից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջարկով արձագանքել են Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Քոչարյանը,  որոնք պատգամավոր են նաեւ հիմա, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վահագն Թեւոսյանը, Հովհաննես Իգիթյանը։

Այսպիսով, հարցում ենք ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 62-ը՝ մոտ 73%-ը նամակն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Հարցմանը պատասխանել են 22-ը՝ մոտ 26%-ը։ 

7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Infocom-ը նույնաբովանդակ հարցումներ էր ուղարկել նաեւ ԲՀԿ խմբակցության բոլոր 26 պատգամավորներին։ Նրանցից 18-ը հարցմանը չէր պատասխանել, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը եւ այլք։ Այս խմբակցությունից հարցմանը չպատասխանած Սերգեյ Բագրատյանը այսօր դարձյալ պատգամավոր է, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։  

Այսպես, ԲՀԿ խմբակցության 26 պատգամավորներից 69,2%-ը չեն պատասխանել հարցերին։ 

7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Հարցումներ, իհարկե, ուղարկել էինք նաեւ խորհրդարանական երրորդ ուժին՝ ԼՀ խմբակցությանը, որում ընդգրկված էր 18 պարտգամավոր։ Նրանցից ոչ մեկը՝ այդ թվում Էդմոն Մարուքյանը, որ խմբակցության ղեկավարն էր, չեն պատասխանել հարցերին։ Այս քաղաքական ուժը, ինչպես ԲՀԿ-ն, ներկայացված չեն 8-րդ գումարման խորհրդարանում։ 

Հարցումներին չպատասխանածներից 34-ը այսօր եւս պատգամավոր են՝ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Մաթեւոս Ասատրյանը, Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Արման Եղոյանը (վրիպակի հետեւանքով պատգամավոր Ա․ Եղոյանի անունը հայտնվել է չպատասխանածների ցանկում, պատասխանի մանրամասները ներկայացված են ստորեւ,- խմբ․), Սեդրակ Թեւոնյանը, Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Հրաչյա Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Կնյազ Հասանովը, Վահագն Հովակիմյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Արսեն Միխայլովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սարգսյանը, Լիլիթ Ստեփանյանը։ Նրանցից հինգը, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին տեղեկություն հավաքել բաց աղբյուրներց։

 

Made with Flourish

Այսպիսով, հարցում էինք ուղարկել 128 պատգամավորի։ Նրանցից ոչ բոլոր պատգամավորներն էին պատասխանել, իսկ ավելի կոնկրետ՝ 30 պատգամավոր պատասխանել էր, մնացյալ 98-ը կամ մոտ 76%-ը՝ ոչ։ 

Իսկ հարցումներին պատասխանած պատգամավորների պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հիշյալ նախագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանը մեր հարցման պատասխանում նշել էր, որ կազմակերպել է ընդհանուր թվով 20 մարզային այց եւ քաղաքացիների ընդունելություն, վերջինը՝ պարբերանար նաեւ ԱԺ-ում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս ունեցել է մարզային մեկ այց՝ Վայոց Ձոր։ Քաղաքացիների ընդունելություն պատգամավորը կազմակերպել է քաղաքացիների դիմումների հիման վրա՝ անհատական սկզբունքով, իսկ ոլորտային խնդրի դեպքում՝ խմբով։ Ըստ պատասխանի՝ Եղոյանն ընդհանուր առմամբ ընդունել է մոտ 70 քաղաքացու, մասնակցել է մի շարք ոլորտային խնդիրներով մտահոգ քաղաքացիների խմբերի հետ հանդիպումներին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը հիմա եւս ներկայացված է ԱԺ-ում, պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների 20 ընդունելություն՝ ԱԺ-ում նման քննարկումների համար նախատեսված սրահում։ Նա հայտնել էր, որ քաղաքացիների հետ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում եւ Կոտայքում։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նաեւ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացված Հայկ Կոնջորյանը պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների վեց ընդունելություն՝ ԱԺ սրահում, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում, որոնց ընթացքում հանդիպել է ավելի քան 300 քաղաքացու հետ, բացի դրանից՝ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ քաղաքացիների հետ Երեւանում եւ ՀՀ մարզերում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 8-րդ գումարման խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը, ի պատասխան մեր հարցման, հայտնել էր, որ կազմակերպել է բազմաթիվ ընդունելություններ՝ ե՛ւ անհատական, ե՛ւ խմբով, այցելություններ է ունեցել Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզեր՝ ընդհանուր ամռմամբ 52 համայնք։

«Իմ քայլը» խմբակցության, այժմ՝ ՔՊ խմբակցության Ռուբեն Ռուբինյանի պատասխանի համաձայն՝ վերջինս մարզային այցեր չի ունեցել՝ հարցման պատասխանն ստանալու դրությամբ։

«Իմ քայլը» խմբակցության եւ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս հանդիպումներ է ունեցել բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ՝ հիմնականում տնտեսական ոլորտին վերաբերող հարցերով։ Վարդանյանը հայտնել էր օտարերկրյա պաշտոնական այցերի մասին, չէր նշել մարզային այցերի մասին։ 

7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը մանրամասնորեն պատասխանել էր մեր հարցերին, նշել է, որ 2019-ի հուլիսի 17-ին քաղաքացիների ընդունելություն է իրականացրել Նոր Նորքի վարչական շրջանի շենքում, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել կազմակերպել մեծ թվով քաղաքացիների համաժամանակյա այլ ընդունելություն եւ հնարավորություն է ունեցել միայն անհատական հանդիպումներ կազմակերպել առանձին քաղաքացիների հետ՝ կոնկրետ խնդիրների առնչությամբ։ Վարդանյանը նշել է, որ այցեր է ունեցել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մի շարք համայնքներում։

«Իմ քայլը» խմբակցության, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը նույնպես ամբողջական էր պատասխանել մեր հարցերին, տեղեկացրել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում։ Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով զբաղվել է Ջավախքի եւ ջավախահայության հիմնախնդիրներով, Ջավախքում մարզամշակութային միջոցառումների կազմակերպմամբ, ծագումով ջավախքցի մշակութային գործիչների գործունեության աջակցությամբ։ 

7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության եւ 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցման պատասխանում հայտնել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում, ընդունել է հազարավոր քաղաքացիների, իսկ մարզային այցեր կազմակերպում է գրեթե ամեն շաբաթ, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ: 

Նախկինում՝ «Իմ քայլը» խմբակցությունից, այժմ՝ ՔՊ խմբակցությունից Գեւորգ Պապոյանից ստացած պատասխանի համաձայն՝ հինգ անգամ է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ունեցել է մարզային երկու այց՝ Արմավիր եւ Արագածոտն՝ քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու համար, ապա նաեւ Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։ 

«Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը, որը հիմա դարձյալ ԱԺ պատգամավոր է, պատասխանել էր, որ անցկացրել է քաղաքացիների բազմաթիվ ընդունելություններ, ունեցել է մի շարք մարզային այցեր։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոս Ավետիսյանը, Կարեն Սարուխանյանը, Արմեն Փամբուխչյանը, Գայանե Աբրահամյանը, որը եւս այն քչերից էր, որ հարցերին պատասխանել էր ամենայն մանրամասնությամբ, Միքայել Զոլյանը եւ Գոռ Գեւորգյանը եւս ներկայացրել էին իրենց կատարած մարզային այցերի եւ քաղաքացիների ընդունելությունների մասին տեղեկություններ։ Ի դեպ՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Գայանե Աբրահամյանը հետագայում դուրս եկան ֆրակցիայից։

Իսկ 7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հարցմանը պատասխանել եւ իրենց այցերի, ընդունելությունների մասին տեղեկություններ էին ներկայացրել պատգամավորներ Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գեւորգյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը, որը եւս այն քիչ պատգամավորներից էր, որ ամբողջությամբ պատասխանել էր մեր բոլոր հարցերին, Նորա Առուստամյան, Շաքե Իսայանը։ Տիգրան Ուրիխանյանը հետագայում դուրս եկավ խմբակցությունից։

Հարցմանն արձագանքած մյուս պատգամավորներից ոմանք պատասխանել էին ոչ բոլոր հարցերին՝ նշելով, որ կան տեղեկություններ, որոնք բաց աղբյուրներում կան․ դրանք վերաբերում են նախագծերին, որոնք ներկայացրել են օրենսդիրները, նրանց այցերին, հանձնաժողովներին, որտեղ ներգրավված են եւ այլն։ Այս տեղեկությունները, այո, հնարավոր է հավաքագրել բաց աղբյուրներից, իսկ, օրինակ, մարզային այցերի կամ քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տեղեկություններն, ըստ էության, կարող են հայտնել պատգամավորները։ Որպես օրինակ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից եւ այլ աղբյուրներից դժվար է կռահել՝ վերջինս մարզային քանի այց է ունեցել։

Ամփոփելով՝ նշենք, որ ներկայացված տվյալները վերաբերում են պատգամավորների՝ մանդատը ստանձնելու պահից մինչեւ 2020-ի մարտ եւ հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածին, ուստի այս պահին չենք կարող ասել՝ հարցերին պատասխանած պատգամավորները հետագայում՝ մինչեւ 7-րդ գումարման խորհրդարանի արձակումը այլ այցեր ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Եւ քանի որ մյուս պատգամավորներն իրենց ընդունելությունների ու մարզային այցերի մասին տեղեկություններ չեն տրամադրել, չենք կարող գնահատել նրանց՝ այդ մասով գործունեությունը։ Հարկ է նշել, որ հանրային հաշվետվողականության մասին օրենսդրական պահանջ, համենայն դեպս, չկար նախկինում եւ չկա հիմա։

Այսպիսով, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացմանը կողմ է քվեարկել մի խմբակցություն, որի անդմաներից 62-ը՝ մոտ 73%-ը, հարցումն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Բաց աղբյուրներից տեղեկություն հավաքել առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր՝ հարցում ստացած 84 պատգամավորների մոտ 11%-ը, սա այն դեպքում, երբ հայցված տեղեկությունների որոշ մասը հնարավոր չէ ստանալ բաց աղբյուրներից եւ հնարավոր է ստանալ բացառապես հենց պատգամավորից։ Իսկ հարցմանը պատասխանած պատգամավորներից 3-ը նշել են, որ պատգամավորական ծախսերի հիմնական մասը ներկայացնող մարզային այցեր չեն ունեցել։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել