Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ |hetq.am|
21:07 - 04 օգոստոսի, 2021

Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ |hetq.am|

hetq.am: Ութ մարդ զոհվել, ևս երկուսն անհետ կորել են Իրանի երեք օսթաններում (պրովինցիա) ուժեղ ջրհեղեղների հետևանքով։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Հասան Քուսիյան։ 

«Այս պահի դրությամբ Կարմիր մահիկի աշխատակիցները Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Խորմոզգան պրովինցիաներում, ջրհեղեղի պատճառով, իրականացրել են փրկարարական աշխատանքներ… Ցավոք, զոհվել է 8 մարդ, որոնցից վեցը Ղազվին պրովինցիայում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջանում և ևս մեկը՝ Մազանդարանում»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

Քուսիյան հավելել է, որ Ղազվինում կորել է նաև երկու մարդ, որոնց որոնումները շարունակվում են։ «Ընդհանուր առմամբ, փրկվել է 978 մարդ, որոնցից 3-ը ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություններ»,- նշել է Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։

Իրանի հյուսիսարևմտյան հատվածում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են ջրհեղեղները, որը պայմանավորված է հորդառատ անձրևներով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել