Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին
18:47 - 05 օգոստոսի, 2021

Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:

«Մենք նախաձեռնել ենք բազում ծրագրեր ու կյանքի ենք կոչել տարբեր նախագծեր, որոնք հետզհետե լուծումներ են տալիս քաղաքի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին: Այս ամենը շարունակելու, և զարգացման ծրագրերն ընդլայնելու համար հարկավոր է ամենօրյա նվիրված աշխատանք ու հետևողականություն: Վարչական շրջանները քաղաքացիների հետ շփման առաջին օղակն են և, ուրեմն, մենք պարտավոր ենք բարեհամբույր սպասարկում ապահովել մեր բնակիչների համար ու, եթե անգամ խնդիրը մեր տիրույթում չէ, ուղղորդել նրանց: Մեր աշխատանքը ծառայություն է երևանցիներին, և այդ ծառայությունը պետք է կատարենք պատվով»,- ընդգծել է Հայկ Մարությանը: 

Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջնահերթ խնդիրների շարքում նշել է, մասնավորապես, եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացումը և բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել