Մարիա Կարապետյանը Հայաստանի համար ձեռնտու է համարում ապաշրջափակումը  |armenpress.am|
11:34 - 11 օգոստոսի, 2021

Մարիա Կարապետյանը Հայաստանի համար ձեռնտու է համարում ապաշրջափակումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ուղիները սառեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը ներկայացրեց, թե ինչպես և ում ցանկությամբ է Հայաստանը հայտնվել շրջափակման մեջ:

«Շատ կարևոր է ընդգծել, որ ոչ թե Հայաստանն է շրջափակել Ադրբեջանին և Թուրքիային, այլ հակառակը` Ադրբեջանը և Թուրքիան են շրջափակման ենթարկել Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Հայաստանին և Արցախին թուլացնելու և մեզ զիջումներ պարտադրելու համար: Սրանից, իհարկե, կարելի է եզրակացնել, որ ապաշրջափակումը մեզ ձեռնտու է: Սա չի նշանակում, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Ադրբեջանը, իհարկե, ցանկանում է դեպի Նախիջևան ճանապարհ և երկաթգիծ ունենալ, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, միևնույն ժամանակ, նախընտրում է տորպեդահարել այս օրակարգը և նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններով իր ստանձնած պարտավորությունները չկատարել»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ այդ պատճառով է, որ Ալիևը աղավաղում է ապաշրջափակման օրակարգը՝ ներկայացնելով այն որպես «միջանցք»:

Իսկ ի՞նչ է տալիս «միջանցքի» մասին Ալիևի հեքիաթը: Կարապետյանն ասաց, որ այն մի կողմից փորձ է հայ հանրությանն ահաբեկելու, որպեսզի հետ կանգնի տարածաշրջանի ապաշրջափակման մտքից, մյուս կողմից՝ դա փորձ է մոլորության մեջ գցելու ադրբեջանական հանրությանը, ինչ-որ կերպ բացատրելու, թե այդ ինչու է Արցախը վիրավոր, բայց կանգուն:

 «Պետք է ֆիքսենք՝ տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը շատ ու շատ փխրուն է: Այն, հարկե, մեր օրակարգն է, սակայն բացառապես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով ստանձնած համաձայնությունների շրջանակներում: Այս համատեքստում անհրաժեշտ է, որ հայաստանյան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը համախմբվի այս օրակարգի ճշգրիտ ձևակերպման շուրջ»,- եզրափակեց Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել