Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին
11:00 - 12 օգոստոսի, 2021

Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Դուք գիտեք՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ ես երբեք պատասխանատվությունից խուսափող տեսակ չեմ։ Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։ Վերջինս հարցրել էր, թե արդյո՞ք Թովմասյանը պատասխանատվություն կրում 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» դաշինքի գործողությունների համար մինչև 2020թ․ նոյեմբեր, երբ Թոմվասյանը դուրս եկավ խմբակցությունից։

«Դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և ընդհանրապես հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը ընդհանրապես տեղյակ չի եղել կամ գոնե ես՝ խմբակցության ներկայացուցիչս, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին։ Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Արձագանքելով պատասխանին՝ Ռուբինյանը հարցրեց, թե արդյո՞ք Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից տեղյակ է ամբողջապես։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ նշեց․ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր է ձևավորվել, ավելի այլ ավանդույթներով և խմբակցությունը, ուզում եմ հատուկ ընդգծել, ոչ ընդդիմադիր խմբակցություն է, և պատասխանատվությունը ընդդիմադիր խմբ պատգամավորների դեպքում այլ է։ Բնականաբար ես կրում եմ նաև պատասխանատվություն պատգամավորական այս գործունեության համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել