Մայր Աթոռում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
17:28 - 15 օգոստոսի, 2021

Մայր Աթոռում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին տոնախմբել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշել է. «Երկու հազար տարի առաջ Աստվածամայրը մեզ չլքեց և չգնաց, այլ ապրում է մեր մեջ, ապրում է բոլոր մայրերի մեջ, և մենք անցյալով չենք խոսում Աստվածամոր մասին, որովհետև նա այսօր մեզ հետ է»:

Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով առաջին դարում տեղի ունեցած իրադարձություններին, խոսել է Սուրբ Աստվածածնի կերպարի և փրկագործության պատմության մեջ նրա ունեցած դերակատարության մասին, ինչպես նաև Վերափոխման տոնի խորհրդին՝ պատգամելով ներկաներին ապրել Վերափոխման խորհրդի իրականության մեջ՝ խնդրելով Սուրբ Կույսի բարեխոսությունը։

Եզնիկ Սրբազանը, հատուկ անդրադարձ կատարեց որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ․ «Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ, և որոնց համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։

«Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ովքեր որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, ովքեր իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, ովքեր իրենց հայրերին կորցրեցին։ Թող Աստվածամայրը ձեր որդիների հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ Ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ Վերջում Պատարագիչ Սրբազանը, աղոթք վերառաքելով առ Աստված, ևս մեկ անգամ հաստատել է, որ Աստվածամայրը կենդանի է. « Նա մեզ հետ է։ Քրիստոս այս պահին գալիս է Աստվածամորը փոխադրելու։ Վաղը նույնպես Աստվածամայրը մեզ հետ է լինելու, բոլորիս սրտերում»։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել