Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են․ Իլհամ Ալիև |hetq.am|
17:29 - 17 օգոստոսի, 2021

Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են․ Իլհամ Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ Ադրբեջանի բռնազավթած Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերն իրականացնում են սահմանի ենթակառուցվածքների ամրապնդում և զորամասեր տեղակայում Հայաստանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։ Նրա խոսքով՝ իրականացվում են սահմանի ամրապնդման աշխատանքներ Քարվաճառում, Բերձորում և Զանգելանում։

Ալիևը խոսել է նաև Սև լճի ու Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման մասին։ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցվող մտքերն անհիմն են։ Մենք մեր հողում ենք։ Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Այդ տարածքը 30 տարի հայերի մոտ էր։ Եթե սահմանն անցնում է այն վայրով, որի մասին նշում են հայերը, ապա ինչու՞ նրանք այնտեղ չմնացին։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Երբ մենք եկանք և կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք ճիշտ տեղում չենք կանգնած։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, և եթե ցանկանանք, կկանգնենք այնտեղ, որտեղ հարմար կգտնենք։ Թող դա ոչ ոք չմոռանա»,- հայտարարել է Ալիևը։

Վերջինիս խոսքերով՝ մայիսին, երբ ձյունը հալվել է, ադրբեջանական զորքերը մոտեցել են սահմանին, զբաղեցրել և ամրապնդել դիրքերը Զանգեզուրում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը զբաղվում է պետական սահմանի վերականգնմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել