Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը
16:33 - 20 օգոստոսի, 2021

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորել է Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները:

 Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձեւավորված համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Նա կարեւորել է Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

 ԱԺ նախագահն ընդգծել է համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին:

 Դեսպանը ևս շնորհակալություն հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը:

 Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան-Չինաստան հարաբերությունները:

 Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել