Կառավարության հնգամյա ծրագրում չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը
14:23 - 24 օգոստոսի,2021

Կառավարության հնգամյա ծրագրում չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը

Կառավարության՝ օգոստոսի 18-ի նիստի ընթացքում քննարկվեց նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագիրը։ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխխոսնակ Արմեն Աշոտյանը օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ կառավարության ծրագրի մի քանի դրույթների՝ նշելով, որ այնտեղից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ 

Արմեն Աշոտյանը ճիշտ է․ կառավարության ներկայացրած ծրագրում չկան ո՛չ Արցախի Հանրապետություն, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումները։

Կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածներում հադիպում են միայն Արցախ, Լեռնային Ղարաբաղ, ԼՂ ձևակերպումները։

Ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում, օրինակ, նշվում է․ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և  անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև  մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և  հումանիտար խնդիրների լուծումը»։

Ծրագրում կա նաև «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժինը, որտեղ տրված է գրեթե նույն ձևակերպումը, ինչ վերը նշված հատվածում․  «Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: 

«Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում Արցախի հետ հարաբերությունների մասին խոսելիս ևս չի տրվում Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և  բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև  Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»:

Ի տարբերություն կառավարության ծրագրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում մեկ անգամ հանդիպում է Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Այս ձևակերպումը, սակայն, հանդիպում է ոչ թե կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը կամ պաշտպանությանը վերաբերող հատվածներում, այլ «Սփյուռք» բաժնում։ 

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ ՔՊ նախընտրական ծրագրում նշվում է․ «Մեկնարկել ենք ենք «իԳործ» ծրագիրը: Աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող 48 մասնագետներ մեկ տարի ժամկետով աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության 19 պետական կառավարման համակարգի մարմիններում: Կառավարության որոշման համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են նաև ներգրավվել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում»:

Նաև ներկայացնենք, թե ՀՀ որ կառավարությունների ծրագրերում են հանդիպում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումները։

Երկրորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել է 1999 թ․, մեծամասնություն է կազմել «Միասնություն» դաշինքը (Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայաստանի ժողովրդական կուսակցություն)։ Կառավարության կայքում ներակայացված է 2000-2003 թվականների ծրագիրը, որտեղ Արցախի Հանրապետությանը վերաբերող հատված չկա, հետևաբար՝ չկա նաև Արցախի Հանրապետություն ձևակերպումը։

Երրորդ գումարման խորհրդարանը ձևավորվել  է 2003-ին։ 2003-2007 թվականների ծրագրում ևս Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, հետևաբար՝ նաև Արցախի Հանրապետություն ձևակերպումը չկան։

Չորրորդ գումարման ԱԺ-ն ձևավորվել է 2007-ին, մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Կառավարության կայքում ներկայացված են 2007 և 2008-2012 ծրագրերը։ Այս ծրագրերում էլ, ինչպես նախորդներում, չկան Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, և տրված չէ Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը։

Հինգերորդ գումարման խորհրդարանը ձևավորվել է 2012-ին։ ԱԺ-ում կրկին մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Այս անգամ կառավարության ներկայացրած ծրագրում կան Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, ինչպես նաև տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակրպումը․ «Կառավարությունը բազմապատկելու է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Շարունակվելու են աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է հանդիսանալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը»:

Վեցերորդ գումարման խորհրդարանը ձևվորվել է 2017-ին, կրկին մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Կառավարության 2017-2022 թթ․ ծրագրում ևս տրված է Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ «Մեր երկիրը բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում առանցքային է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը»։

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո ձևավորված նոր կառավարությունը 2018-ին ներկայացրեց նոր ծրագիր, որտեղ չկար Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ ծրագրի տարբեր հատվածներում կային Արցախի անվտանգություն,  Ղարաբաղյան հիմնախնդիր ձևակերպումները։

2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում Արցախի Հանրապետություն ձևակերպումը կար․ «Առանցքային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը»։ Արտահերթ ընտրություններից հետո ձևավորված կառավարության 2019-ի ծրագրում, սակայն, այս ձևակերպումը բացակայում է․ «Առանցքային նշանակություն ունեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը»։ 

Այսպիսով, ներկայումս կառավարություն ձևավորած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կառավարության՝  ո՛չ 2018-ի, ո՛չ 2019-ի, ո՛չ էլ վերջին՝ 2021-2026 թթ․ ծրագրերում չի տվել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, այս ձևակերպումը եղել է միայն «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրերում։

Ինչ վերաբերում է նախորդ կառավարությունների ծրագրերին, ապա կառավարության կայքում ներկայացված են 2000-ից մինչև օրս բոլոր ծրագրերը, և միայն 2012-2017, 2017-2020 թթ․ ծրագրերում են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն ձևակերպումները։

Աննա Սահակյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել