armenpress.am: Կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ներկայացրեց ռազմավարական տեսլականը, ըստ որի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում:
«ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ ոլորտներ, որոնք այսօր վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը համոզված է, որ այդ փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը էականորեն ուժեղանալու է:
«Գիտեք, որ մի շարք հանգամանքների բերումով այսօր Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեն: Մասնավորապես` հետախուզությունը: Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել: Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին»,- ասաց Փաշինյանը:
comment.count (0)