«Միլիարդների մասին վստահորդիդ հետ խոսա»․ Փաշինյանի՝ Վարդեւանյանին տված պատասխանից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց
17:45 - 24 օգոստոսի, 2021

«Միլիարդների մասին վստահորդիդ հետ խոսա»․ Փաշինյանի՝ Վարդեւանյանին տված պատասխանից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ընթերցեց 2020 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարկված մի ձայնագրության տեքստ․ ձայնագրությունը վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցությանը։ Վարդեւանյանը մեջբերեց ձայնագրության այն մասը, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանն ասում է, թե Ստեփանակերտը պահելու համար տասը օր է՝ մարդ են ուզում, բայց տասը օր է՝ Ստեփանակերտը երկու կաղ մարդու հույսին է։ Վարդեւանյանը հարցրեց՝ Փաշինյանը տեղյա՞կ է ձայնագրությունից, եւ արդյոք Փաշինյանը երբեւէ այս հարցով գտնվե՞լ է նախաքննական մարմնում, քանի որ արդեն հարուցված քրեական գործ կա։

Փաշինյանը պատասխանեց, որ ձայնագրությունից տեղյակ չէ․
«Ձեր ասած հանգամանքներից տեղյակ եմ, եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է նաեւ ձեր նկարագրած հանգամանքները հաշվի առնելով։ Ձեր հարցերի մեջ էնքան հակասություն կա։ Ես չեմ հասկացել, մեկ ասում եք՝ հայրենիք կորցնել, մեկ ասում եք՝ պատերազմ կանգեցնել։ Պատերազմը կանգնեցնելը գին է ունենում, չէ՞։ Հիմա ձեր ասած հայրենիքը պահելու համար պետք էր պայքարել, թե՞ պետք չէր պայքարել։ Ժամանակին ասել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն նկատում, որ իրենք իրենց իսկ բարձրացրած մեղադրանքներով չեզոքացնում են իրենց իսկ բարձրացրած մեղադրանքները»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ այս հարցով նախաքննության մարմնում չի եղել․ «Ես եղել եմ ամենամեծ նախաքննության մարմնում, ես կանգնել եմ ՀՀ ժողովրդի առաջ․ դուք ուրիշ ձայնագրություններ, ձեր բոլոր մեղադրանքները ձեր բոլոր հեռուստաընկերություններով, թաքուն, բացահայտ տվել եք, եւ ժողովուրդը գնացել, իր դատն արել է։ Դուք ստիպված եք ժողովրդի դատավճռի հետ հաշվի նստել եւ համակերպվել դրա հետ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ընդդիմադիրները ԱԺ-ում նստած են այդ դատավճռի համաձայն։

Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Վարդեւանյանն ասաց, թե ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, դատավաճիռ կայացնում է դատական իշխանությունը․

«Դատական իշխանությունը նույնիսկ ժողովրդի՝ ձեր ասած դատավճռի պայմաններում կարող է լրիվ այլ վճիռ կայացնել։ Հիմա ճի՞շտ եմ ըմբռնում, որ միջազգային հանցագործություններ գործած Հիտլերը, եթե վերընտրվեր, ոչ մի բանի համար չպիտի դատվեր։ Սենց տրամաբանություն իրավաբանությունում չկա»,,- ասաց Վարդեւանյանը։

Նա նշեց, որ քրեական գործ կա հարուցված՝ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ուղիղ կապի, 5 միլիարդի մասին։ 
Փաշինյանը քմծիծաղով պատասխանեց․ «Էդ միլիարդների մասին, կարծում եմ, ճիշտ կանեք՝ ձեր վստահորդի հետ խոսեք (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտպանն էր Վարդեւանյանը,- խմբ․)։ Էնտեղ մարդ կա (ձեռքով ցույց է տալիս ընդդիմադիրների կողմը,-խմբ․), թող գա 5 միլիարդի հետ կապված ասի, բացատրի, վկայություն տա։ Բա որ ժողովուրդը չի կարա որոշում կայացնի, ինչի՞ եք 300 հոգով գնդակահարության որոշումներ կայացնում, բեմադրում (հիշեցնում է ընդդիմադիրների ակցիան, որի ժամանակ բեմադրվում էր Չաուշեսկույի եւ նրա կնոջ սպանությունը,-խմբ․)։ Բա դուք կարաք 3 հոգով որոշում կայացնեք, ժողովուրդը չի կարա 800․000 հոգով որոշում կայացնի՞։ Ժողովուրդը կարող ա դատավճիռ կայացնի եւ իրագործի դատավճիռը, ուրեմն գնդակահարության տեսարանները, որ բեմադրում էիք, հիշեիք՝ ժողովուրդը կարա՞ որոշում կայացնի, թե՞ չի կարա»,,- ասաց Փաշինյանն, ու դահլիճում անմիջապես իրարանցում սկսվեց, պատգամավորները տեղից սկսեցին բղավել ու ռեպլիկներ անել։

Փաշինյանը, դիմելով Վարդեւանյանին, այդ աղմուկի մեջ բղավեց․
«Ու ասում եմ՝ վստահորդիդ հետ խոսա՛, կանդրադառնամ վստահորդիդ միլիարդներին»։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին նախազգուշացրեց ու ԱԺ կանոնակարգի հիման վրա նրան նախազգուշացում հայատարարեց։ ԱԺ-ում պատգամավորները բղավոցները չէին դադարում, Սիմոնյանը ստիպված եղավ դարձյալ բարձր գոչել, որպեսզի խմբակցությունների պատգամավորները տեղից չբղավեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել