Արայիկ Հարությունյանի հնչեցրած մեղադրանքները մնացել են օդում կախված |hetq.am|
11:19 - 25 օգոստոսի, 2021

Արայիկ Հարությունյանի հնչեցրած մեղադրանքները մնացել են օդում կախված |hetq.am|

hetq.am: 2020 թվականի նոյեմբերի 11-ին, երբ արդեն իսկ կնքվել էր եռակողմ հայտարարությունը և Արցախում մարտական գործողությունները դադարել էին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որում խոսում էր պատերազմի օրերին իր հնչեցրած կոչերի և ահազանգերի մասին։ Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նաև լուրջ մեղադրանք հնչեցրեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հասցեին, հետագայում պետք է պարզվեր, որ այդ հայտարարությունը մնալու է օդի մեջ՝ առանց որևէ հետևանքի։

Ստորև ներկայացված պարբերությունը Արայիկ Հարությունյանի խոսքից բառացի մեջբերում է․

«Ես հիմա կասեմ, թե դավաճանները ովքեր են, հող ծախողները ովքեր են։ Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ որ հակառակորդը, գրավելով Մատաղիսն ու Թալիշը, վտանգված էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը։ Երբ որ «Եղնիկներ» կոչեցված տեղամասը, բոլորդ գիտեք, մի մասը զորքի խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք գոնե առաջնագծում՝ «Եղնիկներում» գտնվող մեր տղաների թիկունքը պահելու։ Եվ այդ օրը՝ վաղ առավոտյան, ես կոչ եմ արել և ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար վիճակում է, ոչ թե Պաշտպանության բանակի, ոչ թե զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր, կամավորականների և այլն։ Ի դեպ, ուզում եմ մի դեպք պատմել․ այդ օրը, երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանի Հանրապետությունից եկած ազգային անվտանգության մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից, հրաժարվել են գնալ «Եղնիկներ»։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջև ես եմ գնալու։ Ստացել եմ բացասական պատասխան։ Չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե, դրա մասին այսօր արտահայտում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտել։ Կհարցնե՛ք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս։ Աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի մի մեծ մասը գտնվում է առաջնագծի ամենաառաջնային մասում և թիկունքը բաց էր։ Կհարցնե՛ք՝ ինչ պատասխան են տվել երկրի նախագահին։ Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ ու մենք կարողացանք կատարել այդ խնդիրը, և դրա շնորհիվ այսօր «Եղնիկները» գտնվում են ամբողջությամբ մեր վերահսկողության տակ»։

Ակնհայտ է, որ Արցախի նախագահի հայտարարության մեջ կան Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների ուղղակի մեղադրանքներ, ուստի որոշեցինք հարցումներ ուղարկել համապատասխան մարմիններին՝ հասկանալու համար, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հայտարարությանը դարձել է քննության առարկա։

Քանի որ Արցախի նախագահի մեղադրանքների անմիջական հասցեատերը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էր, ուստի գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԱԾ՝ հարցնելով, թե այդ հայտարարությունը համապատասխանու՞մ է իրականությանը, և եթե այո, ապա ի՞նչ գործողություններ են կատարվել դրանից հետո, հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ։ 

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել է, որ Արայիկ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները պարունակում են ծառայողական գաղտնիք, ուստի դրա մասին տեղեկությունները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ենթակա չեն տրամադրման։ Նշված դրույթի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Միաժամանակ, նմանատիպ հարցում ուղարկել ենք նաև ՀՀ դատախազություն, որտեղից էլ մեզ պատասխանել են, թե այդ հայտարարության ուսումնասիրության կապակցությամբ քրեական վարույթ չի հարուցվել՝ քրեական օրենսգրքով արգելված արարքների առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ չհայտնաբերվելու պատճառով։ 

Այս ընթացքում Արայիկ Հարությունյանից փորձեցինք պարզել, թե նա որևէ քննչական գործողության մասնակցել է իր հայտարարության կապակցությամբ։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագահը որևէ քննչական գործողության չի մասնակցել, չի հարցաքննվել, ոչ էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

 Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել