Նորարարություններ սնող էկոհամակարգերի զարգացում և Հայաստանում առկա ներուժ․ կոնֆերանս՝ նվիրված գիտությանը և տեխնոլոգիաներին
16:17 - 25 օգոստոսի, 2021

Նորարարություններ սնող էկոհամակարգերի զարգացում և Հայաստանում առկա ներուժ․ կոնֆերանս՝ նվիրված գիտությանը և տեխնոլոգիաներին

«Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակներում ISTC-ում («Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն») երեկ տեղի ունեցավ արդեն երկրորդ կոնֆերանսը։ Նորարարություններ սնող էկոհամակարգերի զարգացում և Հայաստանում առկա ներուժ․ կոնֆերանսի պանելային քննարկումների  առանցքում այս հիմնական թեմաներն էին։ 

 

Պանելային առաջին քննարկում․ ի՞նչ նախադրյալներ կան, որոնք նպաստել են Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանը, որո՞նք են խոչընդոտները, ի՞նչ պոտենցիալ ունենք, և որո՞նք են գերակա ուղղությունները

ՄԻԿ տնօրեն, ՁԻՀ ծրագրի կառավարիիչ, «CyHub Armenia»-ի համահիմնադիր Մարի Բարսեղյանն առանձնացնում է մի քանի նախադրյալներ․

  • մեր երկրում առկա տեխնիկական և գիտական ներուժը, խորհրդային ժամականերից ստացած ժառանգությունը,
  • գիտական ինստիտուտները,
  • մեր ժողովրդի մտածելակերպը, երկրի համար անգամ ամենավատ իրավիճակներում նոր լուծումներ առաջարկելու կարողությունը,
  • միջազգային կազմակերպությունների՝ Հայաստան մուտք գործելը և միջազգային փորձը Հայաստան տեղափոխելը։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ServiceTitan» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանը հիշում է՝ 2008-ին, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, որոշվեց այնտեղ տեխնոլոգիտական ոլորտը զարգացնել, և մեծ գումարներ ներդրվեցին․ «Բայց ես վրացական «Krsip»-ի կամ «SuperAnnotate»-ի մասին դեռ չեմ լսել։ Դա գումարով լուծվող հարց չէ․ առաջին հերթին ժառանգությունն է՝ կրթական համակարգը, մասնագետները, փորձը։ Երևի 50-60 տարվա փորձ է կուտակված եղել (Հայաստանում- խմբ․)։

BANA-ի («Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց») փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը կարևոր նախադրյալներ է համարում ստարտափները, որոնք գրանցել են առաջին հաջողությունները, և այդ հաջողության պատմությունները հանրությանը հասցնելը։

Աշոտ Տոնոյանը, խոսելով խոչնդոտներից, նշում է այն, որ մեր երկրում ստրատեգիական պլանները որոշվում են քաղաքական մտածելակերպի մասշտաբում․ «Երբ ստրատեգիա ես մշակում՝ թե՛ գիտության, թե՛ կրթության մասով, դա հինգ տարվա բան չէ, տասնյակ տարիներ են պահանջում ինչ-որ փոփոխություններ անելը, արդյունքներ տեսնելը։ Կրթության մեջ ոչ մեկը չի ուզում ինչ-որ էական փոփոխություն անել, որովհետև եթե փոփոխությունը լավ էլ ստացվի, ձայների հարց չի լուծելու, որովհետև այդ ժամանակ ինքը (տվյալ քաղաքական ուժը- խմբ․) արդեն չեն լինելու քաղաքական դաշտում»։ 

Մարի Բարսեղյանը կարևորում է պետության կատարած ներդրումները․ պետությունը պետք է ներդրումներ անի գիտության և նորարարության մեջ, չնայած արդյունքները կարող են ուշ երևալ։ Ըստ նրա՝ կարևոր է նաև սփյուռքի հետ համագործակցությունը և վերջինիս մեծ ներուժի օգտագործումը։ 

Աշոտ Տոնոյանի խոսքով՝ արդեն պետք է մտածել ապագայի մասին․ ովքե՞ր են հաջորդ տասը տարում ներկայումս գործող հաջողակ ընկերությունների նման այլ ընկերություններ ստեղծելու։ Սոնա Վեզիրյանն էլ նշում է՝ կան հիմնական նախադրյալները  (ներդրումային համայնք, հրեշտակային ներդրողներ, ֆոնդեր), որոնք անհրաժեշտ են ստարտափ էկոհամակարգը զարգացնելու համար, չանայած  շատ աշխատանք կա տանելու։

Աշոտ Տոնոյանի խոսքով՝ մեզ համար գերակա ուղղություն պետք է լինի ռազմարդյունաբերությունը, քանի որ այս ուղղությունը և՛ երկրի համար կարևոր  խնդիր է լուծում, և՛ շահութաբեր է։ Մարի Բարսեղյանն ավելացնում է նաև կիբերանվտանգությունը, ինչպես նաև նշում, որ պետք է գիտությունն իր բոլոր ուղղություններով զարգանա,  քանի որ ցանկացած նորարարության և ստարտափի մեջ կա տեխնոլոգիական, գիտական մաս։

 

Պանելային երկրորդ քննարկում․ գիտանորարարական ընկերությունների առանձնահատկությունները

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Unum» ընկերության հիմնադիր Աշոտ Վարդանյանի կարծիքով՝ գիտանորարարական ընկերություններին ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ զարգանալու համար։ Այդ կազմակերպությունները սկսում են գիտությունից, կառուցում են յուրահատուկ, բարդ տեխնոլոգիա և միայն դրանից հետ են այդ տեխնոլոգիան իրական աշխարհում կիրառելու ձևեր գտնում։

«Krisp» ընկերության՝ պրոտուկդի և որակի ապահովման ղեկավար Անուշ Մարտիրոսյանը բերում է հենց «Krisp»-ի օրինակը․ «Մեր առաջին 10 աշխատողները եղել են գիտնականներ, որոնց համախմբել է խնդիրը, որը հետաքրիր էր և՛ լուծելու, և՛ պրոդուկտ սարքելու տեսանկյունից»։

SASTIC («Գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումների հայկական համայնք») հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Խաչատրյանը նշում է՝ կան նորարարություններ, որոնք կոչվում են «քանդող», այսինքն՝ այդ նորարարությունները քանդում են հինը և ստեղծում նորը։ Հայաստանին, ըստ Խաչատրանի, պետք են այդպիսի նորարարություններ։ 

«Denovo Sciences» ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանն ասում է, որ վերջին 30 տարիների ընթացքում նվազել է գիտաշխատողների թիվը, և այդ գիտաշխատողների փոքր մասն են կազմում նրանք, ովքեր տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Սա, ըստ Հովակիմ Զաքարյանի, լուրջ խնդիր է գիտանորարարական ընկերությունների համար, որոնք մարդիկ չեն գտնում իրենց թիմերը համալրելու համար։ Կադրային սովը լուծելու համար անհրաժեշտ է գումար ներդնել գիտության մեջ և գիտնականների ներգաղթ կազմակերպել։

Արմեն Խաչատրյանն էլ նշում է, որ կարևոր է սահմանել, թե գիտության որ ուղղություններն ենք ուզում զարգացնել, 5-10 տարի հետո ինչի ենք ուզում հասնել։

Հովակիմ Զաքարյանն ասում է՝ խնդիրներ կան, որոնց լուծումը կառավարության և ոչ թե անհատների ձեռքում է․ «Գիտությունը, ինչպես նաև կրթությունը այն ոլորտներն են, որոնք երկարաժամկետ են, և երկարաժամկետ ոլորտների մեջ երկու հոգի է ներդրում անում՝ կա՛մ պետությունը, կա՛մ վենչուրային կապիտալիստները։ Վենչուրային կապիտալիստներ մենք չունենք, պետությունն էլ չի ուզում ներդրումներ անել։ Պետք է ամեն օր հիշեցնել կառավարությանն իր պարտականությունները»։ 

Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որոնք հարկային արտոնություններ կտան գիտության մեջ ներդրում անել ցանկացողներին։

Ամփոփենք հիմնական մտքերը, որոնք հնչեցին կոնֆերանսի ընթացքում․

  • Հայաստանում տեխնոլոգիական համայնքի զարգացմանը նպաստել են խորհրդային ժամանակներից ստացած ժառանգությունը, գիտական ինստիտուտները,
  • մեր երկրում լավ են զարգանում ստարտափները, և հաջողության պատմությունները հանրությանը ներկայացնելն օգնում է նոր ստարտափների ստեղծման համար նախադրյալներ ստեղծելուն,
  • մեզ համար գերակա ուղղություն պետք է լինի ռազմարդյունաբերությունը, քանի որ այս ուղղությունը և՛ երկրի համար կարևոր  խնդիր է լուծում, և՛ շահութաբեր է,
  • կառավարությունը պետք է պատրաստ լինի երկարաժամկետ լուծումներ մտածել և ներդրումներ անել գիտության ու տեխնոլոգիաների մեջ,
  • գիտանորարարական ընկերությունները կարող են կադրերի պակաս ունենալ, այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել գիտությունը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել