Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է
18:05 - 13 սեպտեմբերի, 2021

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը եզրափակիչ ելույթում, խոսելով Սյունիքի մարզում առաջացած խնդրից, անդրադարձավ հյուսի-հարավ ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։

Վարչապետը այսպիսի ձևակերպումներով փորձում է հիմնավորել, որ անկլավների և վիճարկելի այլ տարածքների խնդիրը ոչ թե նոր է օրակարգային դարձել, այլ նախկինում ևս օրակարգային է եղել, ինչի ապացույցը, ըստ նրա, հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տիգրանաշենով և Որոտան-Շուռնուխ հատվածով չանցնելն է։ Սակայն վարչապետի պնդումը մանիպուլյատիվ է։

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի այս ճանապարահահատվածը, որի մասին խոսել է վարչապետը, տրանշ 4-ն է։ Համաձայն հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ի նախագծման աշխատանքների խորհրդատուն իտալական ընկերություն է։ Նախագծված ճանապարհը ներառում է Արտաշատ-Ագարակ ճանապարհահատվածը։ Համաձայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ը բաղկացած է 3 ենթահատվածից՝  Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ։ 

Վարչապետի հայտարարույթան իսկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ առկա նախագիծը դեռևս նախնական է, որը պարզապես հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե մոտավորապես որ հատվածով է ճիշտ ճանապարհի անցկացումը և ինչքան կարժենա։

«Հիմա քանի որ այս հատվածի վերաբերյալ ունենք ընդամենը նախնական նախագիծ, մենք բանակցություններ ենք վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որ ստանանք դրամաշնորհ այդ հատվածի վերջնական նախագիծը պատվիրելու համար։ Գործընթացը քննարկումների փուլում է, հենց դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցինք, մրցույթ ենք հայտարարելու վերջնական նախագծի համար։ Հենց ունենանք վերջնական նախագիծը, նոր հստակ կարող ենք ասել՝ Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ։ Հիմա էնքան նախնական է ամեն ինչ, որ չենք կարող սրա հիման վրա մրցույթ հայտարարել»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։

Ճշտող հարցին, թե ամեն դեպքում նախնական նախագծով ճանապարհը Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ Տիգրանաշենով անցնելու է, սակայն մանրամասները դեռ հստակ չեն և չգիտեն կամուրջ է լինելու, թունել թե այլ բան։

Ճանապարհային դեպարտամենտի կայքում առկա քարտեզի համաձայն՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, սակայն ոչ թե Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհով, այլ նոր կառուցվող երթուղիով։ 

Սակայն պետք է նշել, որ մեր զրուցակցի խոսքով քարտեզում նույնպես կարող են լինել անճշտություններ, քանի որ ծրագիրը նախնական է, իսկ քարտեզը պատրաստել են իրենց IT ոլորտի մասնագետները։

Ինչ վերաբերում է վարչապետի մյուս հայտարարությանը, թե ինչու հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է այնպես, որ թունելներ կառուցվեն, մեր զրուցակիցն ասաց, որ հաշվի է առնվել Մեղրիի լեռնանցքի բարձրությունը, ինչի հետևանքով ձմռանը կարող են երթևեկության հետ կապված խնդիրներ առաջանալ, բացի դրանից թունելի միջոցով որոշակիորեն կրճատվում է ավտոճանապարհի երկարությունը, և սա ամենաօպտիմալ լուծումն է․ «Նախագծման համար հայտարարված մրցույթով ընտրված միջազգային կազմակերպությունները մեզ առաջարկում են ամենաօպտիմալ տարբերակները, որով էլ նախագծվում է Հյուսիս-Հարավ ճանապարհը»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։

Մեր հարցին, թե նախագծումը կարո՞ղ է որևէ կապ ունենալ անկլավների կամ ԽՍՀՄ քարտեզով ադրբեջանական տարածքների հետ, զրուցակիցն ասաց, որ նախագծումը որևէ աղերս չունի այս խնդիրների հետ․ «Ընտրված տարբերակը որևէ կապ չունի անկլավների և Ադրբեջանի ճանապարհի (Որոտան-Շուռնուխ հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհի,- խմբ․) հետ, որովհետև նախագիծը մշակվել է մինչև պատերազմը․ հետևաբար չէր կարող որևէ կապ ունենալ։ Սակայն հիմա վերջնական նախագծման ժամանակ պետք է հաշվի առնենք նոր իրողությունը, որն առաջացել է պատերազմից հետո»։

Բացի Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ խոսելուց, փորձեցինք կապ հաստատել տրանշ 4 ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանի հետ։ Վերջինս առանց նույնիսկ մեր հարցը լսելու ասաց, որ պատասխան ստանալու համար դիմենք գրավոր հարցմամբ։ Ուստի պաշտոնական գրությամբ դիմեցինք նույն ՊՈԱԿ-ին։

Պաշտոնական գրությամբ ՊՈԱԿ-ին դիմել էինք օգոստոսի 27-ին․ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հարցման պատասխանը պետք է ստանայինք 5 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 3-ին, սակայն մեր հարցման պատասխանը մեզ տրամադրվեց օրենքի կոպիտ խախտմամբ՝ սեպտեմբերի 9-ին։ Նշված ՊՈԱԿ-ից մեր հարցման պատասխանն ուշացնելը հիմնավորում էին տնօրների գործուղման մեջ լինելով, սակայն օրենքը հստակ է, իսկ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի վարքն օրենքի խախտում է։

Մեզ տրամադրած պատասխանը լղոզված է և ըստ էության չէ։ Մասնավորապես մենք հարցրել էինք, թե արդյոք «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի տրանշ 4-ի նախնական նախագծով նախատեսված եղել է, որ ճանապարհն անցնի Տիգրանաշենով․ պատասխանում նշվում է, որ միջազգային խորհրդատու ընկերությունը 2015-2016 թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածի վերակառուցման համար իրականացրել է տնտեսագիտական վերլուծություն և համապատասխան հետազոտություններ։ Ըստ պատասխանի՝ նշված ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցնելուց հետո պետք է պատվիրվի նախագիծ, որի շրջանակներում կճշտվեն և՛ աշխատակիցների ծավալները, և՛ այլ մանրամասներ։

Այս պատասխանից նույնիսկ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե առայժմ որևէ նախնական նախագիծ չկա և պլանավորվում է առաջիկայում նախագիծ պատվիրել, սակայն և՛ մեր զրուցակիցն ասաց նախնական նախագծի մասին, և՛ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում է նշված, որ նախապատրաստվել է նախնական նախագիծ, և՛ Հյուսիս-հարավ ծրագրի պաշտոնական կայքում է նշված նախագծային աշխատանքներն իրականացնող իտալական ընկերության անվանումը։ Այսինքն՝ նախնական նախագիծ եղել է, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, սակայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը խուսափում է պատասխանել նախագծով նախատեսված եղել է ճանապարհի Տիգրանաշենով անցումը, թե ոչ։

Գրությամբ ասվում է, որ նախատեսվող ճանապարհի համար սահմանվում է հաշվարկային 100 կմ/ժ արագություն, ինչպես նաև՝ այս արագության համար պահանջվող բոլոր երկրաչափական պարամետրերը, իսկ կայքում առկա քարտեզն ընդհանուր առմամբ պատկերացում տալիս է ծրագրի վերաբերյալ, որը սակայն, նոր նախագիծ պատվիրելուց հետո կարող է ճշգրտման ենթարկվել։

Այսպիսով՝ թեև պաշտոնական գրությամբ խուսափում են հարցին լիարժեք պատասխան տրամադրել, սակայն ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետի հետ զրույցի և կայքում առկա քարտեզի հիման վրա կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մանիպուլյատիվ  հայտարարություններ է արել, քանի որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի նախագիծը նախնական է, իսկ երթուղին նախագծվել է հաշվի առնելով օպտիմալ լուծումները։ Մասնավորապես՝ ըստ նախնական նախագծի՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, հստակ չեն միայն ճանապարհի անցկացման տեխնիկական լուծումները, իսկ Որոտան-Շուռնուխ հատվածի թունելը կառուցվելու է հաշվի առնելով ավտոճանապարհի բարձրությունն ու այլ անհարմարություններ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել