Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը․ ՌԴ ԱԳՆ

․ |armenpress.am|
12:03 - 28 օգոստոսի, 2021

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը․ ՌԴ ԱԳՆ ․ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկմանը, ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների կոորդինացմանը:

«Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել