Թուրքիայի քաղաքականությունը որոշակի փոփոխություն է կրել․ ավելի են սաստկացել Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունները եւ գործիքները․ քաղաքագետ
21:31 - 31 օգոստոսի, 2021

Թուրքիայի քաղաքականությունը որոշակի փոփոխություն է կրել․ ավելի են սաստկացել Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունները եւ գործիքները․ քաղաքագետ

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, եւ որ Հայաստանը դրանք կգնահատի եւ դրական ազդակներին դրականով կպատասխանի։ Օգոստոսի 29-ին մամուլում սկսեց շրջանառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։ Էրդողանն, ինչպես նախկինում, այս անգամ էլ ակնարկել է իր նախապայմանների, խաղաղության համապարփակ պայմանագրի եւ այլնի մասին։ 

Փոխանակվող այս դրական համարվող ազդակները տարբեր շրջանակներ համարում եմ նոր հնարավորություն, մյուս կողմից էլ՝ նոր ծուղակ Հայաստանի համար, որին տրվում ՀՀ-ում կառավարող ուժը։

Թեմայի շրջանակներում զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ։ Վերջինս եւս որեւէ դրական ազդակ չի տեսնում այս հայտարարություններում՝ մեկնաբանելով, որ ձեւակերպումները, թե պատրաստ են վերականգնել հարաբերութւոնները Հայաստանի հետ, նոր չեն․ Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանի օրոք, նույն Էրդողանը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է ինչ-ինչ պայմաններով հարաբերություններ վերականգնել, Հայաստանն էլ իր հերթին մշատպես նշել է, որ պատրաստ է՝ առանց նախապայմանների։ Եւ շան գլուխը, ինչպես ակնարկեց Գալստյանը, հենց այստեղ է թաղված․

«Նախապայմաններ․ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի մի քանի հայտարարություններ, տեսնում ենք, որ Թուրքիայի ավանադական նախապայմանները՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Թուրքիայի հետ սահմանազատման, սահմանագծման հարցի փակում, Ցեղասպանության արդյունքում տուժածների փոխհատուցման պահանջի հրաժարում եւ այլն, չեն վերացել։ Եթե սրա մեջն ինչ-որ մեկը դրական ազդակ է տեսնում, ապա դրանք եղել են միշտ, երբեւէ չեն վերացել Թուրքիայի քաղաքականությունից։ Իսկ թե ինչ են տեսնում Հայաստանի իշխանությունները, ես չեմ հասկանում»։ 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ դեռ ավելին, Թուրքիայի քաղաքականությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանի նկատմամբ որոշակի փոփոխություն է կրել, եւ ավելի են սաստկացել Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունները եւ գործիքները։ Նրա խոսքով՝ չպիտի մոռանանք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են պատերազմը ավարտված լինելու մասին, խաղաղության ինչ-որ համաձայնագրի ստորագրման մասին, այսինքն՝ այն, ինչ մշտապես պահանջել ու ակնկալել են, այս պահին ձգտում են Հայստանից կորզել նախ հայտարարությունների, ապա իրավական փաստաթղթի տեսքով, որտեղ ամրագրված կլինեն Թուրքիայի նախապայմանները․

«Ուստի, մեղմ ասած, դժվար է այդ հայտարարությունները գնահատել որպես դրական ազդակ։ Իսկ Հայաստանն այսօր որպես վերջին պատերազմում պարտված կողմ, որն ընկել է ցնցումների խոր եւ տեւական մի ժամանակաշրջանի մեջ, ի վիճակի չէ արմատական եւ հեռուն գնացող քայլեր իրականացնել այս պահի իր երկու հարեւանների նկատմամբ։ Այդ ճեղքերի մի մասը Հայաստանը փորձում է լրացնել կամ փակել Ռուսաստանի միջոցով՝ նրան փոխանցելով այդ ոլորտներում հարցերի որոշումը՝ միջնորդություն Ադրբեջանի հետ բանակցություններում, սահմանապահների տեղակայում, համատեղ պաշտպանության համակարգիի ամրապնդում եւ այլն։ Այսինքն՝ անվտանգային նշանակություն ունեցող հարցերը Հայաստանը փոխանցում է Ռուաստանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում արդեն նաեւ նշանակալի չափով հնարավոր կոմունիկացիոն ուղիների վերահսկողության, վերաբացման գործարկման պրոցեսի շուրջ բանակցողի, հետագայում նաեւ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնողի գործառություները․

«Այսինքն՝ Հայասատանի ինքնիշխան իրավասությունների տիրույթը բավական նեղացել է, դրան գումարած՝ մեր ներքին կառուցվածքային թուլությունները՝ պետական կառավարման արդյունավետության հետ կապված բացերը, սոցիալ-տնտեսական վիճակը, եւ առաջին հերթին պետական կառավարման արդյունավետության բացակայության խնդիրները հանգեցրել են մի իրավիճակի, որ Հայաստանը չի իրականացրել այն, ինչ պետք է իրականացներ մեկ տարվա ընթացքում»։ 

Սրա վառ օրինակն, ըստ քաղաքագետի, այն է, որ մենք մինչեւ հիմա Սյունիքում չունենք այլընտրանքային ճանապարհ, իսկ հիմնական ճանապարհի մի հատվածը վերջերս Ադրբեջանը փակել էր․ «Խնդիրը հենց դա է, որ մենք այս տասն ամսվա ընթացքում, որպես պարտված պետություն, պիտի անեինք շատ բաներ, որոնք չենք արել, թե ինչու չենք արել դա այլ քննարկման հարց է, բայց ես որեւիցե արդարացում ուղղակի չեմ գտնում։ Պարտված կողմը, որը չի պատրաստվում ընդհանրապես հանձնվել, պետք է ինչ-որ ձեւ ամրապնդի իր անվտանգությունը՝ կանխելով հետագա գործողույթուններն իր նկատմամբ, իսկ Հայաստանը չի անում այդպիսի գործողություններ, որպեսզի վաղը-մյուս օրը Ադրբեջանը կամ Թուրքիան տասն անգամ մտածեն, նոր ինչ-որ քայլ անեն։ Բոլորովին չի երեւում, որ Հայաստանը փորձում է կանխել հետագա ճնշումներն իր նկատմամբ։ Հակառակը, այսօր բավական շատ են թողնված այնպիսի լուսանցնքեր, որոնց միջոցով այդ երկու պետությունները կարող են ճնշումներ գործադրել մեր նկատմամբ։ Եթե թվարկենք չարված բաները, մի հսկայական ցուցակ կլինի»։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին տարածաշրջանում եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քաղաքագետը շեշտեց, որ ՌԴ-ն առաջնորդվում է իր շահերով, նա Հայաստանի շահերը կարող է ներկայացնել մի պարագայում, երբ դրանք չեն հակասի իր շահերին։ Իսկ այստեղ, Գալստյանի դիտարկմամբ, խնդիր է առաջանոմ՝ մենք ի՞նչ ենք պատվիրակել Ռուսաստանին, ի՞նչ հարցերում վերջանական որոշում կայացնելու կամ որոշիչ ձայն ունենալու ինչ իրավասություններ ենք տվել․

«Ռուասատանի հետ, անշուշտ, տարածաշրջանի պետությունները չեն կարող չբանակցել, նա տարաշարջանի ամենաազդեցիկ դերակատարն է, թեեւ վաղուց արդեն միակը չէ։ ՌԴ-ն այս պահին իրականացնում է վերադիրքավորում, նրա դիրքերն այն չեն, ինչ մենք պատկերացնում ենք։ Այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իսկ լեգիտիմ ներկայացված է Սդրբեջանում, այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն առաջ է մղում Հարավային Կովկասով կասպյան պետություններ դուրս գալու իր բացահայտ ծրագիրը, սա խոսում է այն մասին, որ Թուրքիան ՌԴ-ի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունի, ունի նաեւ Ադրբեջանի հետ։ ՌԴ-ն հեգեմոն չէ, որ ինչ ասի, նրանք այնպես էլ անեն, նա ստիպված է մանեւրել, զիջել ինչ-որ տեղ, որպեսզի հետագայում ինչ-որ բան ստանա։ ՌԴ-ի հետ հաշվի նստում են, ՌԴ-ն եւս հաշվի է նստում եւ Ադրբեջանի հետ, որի կշիռը բարձրացել է, եւ Թուրքիայի հետ, որի հետ ՌԴ-ն հակամարտային համագործակցության մեջ է․ մի կողմից նրանց մոտ կա տարածաշրջանում դերի բարձրացման մրցակցություն կա, մյուս կողմից նաեւ համագործակցություն, որովհետեւ Թուրքիան ՌԴ-ի համար տնտեսական կարեւոր գործընկեր է»։ Գալստյանի խոսքով՝ քանի դեռ Թուրքիան «արեւմուտք» չէ, ՌԴ-ն կձգտի նրան իրեն ավելի մոտ պահել, եւ ամեն ինչ կանի, որ Թուրքիան հնարավորինս հեռու մնա արեւմուտքից, «Այս խաղը միշտ է եղել, մենք մտածել ենք, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, նա երբեք մեզ չի անտեսի, բայց ՌԴ ոչ թե մեզ, այլ իր շահերը չի անտեսի»։

Թուրքիայի նախապայմանների համատեքստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմային՝ Նարեկ Գալստյանը նկատեց՝ սահմանազատման հարցը սկսված է, թեեւ դեռեւս ոչ փաստաթղթավորված։ Այն, մեր զրուցակցի խոսքով, սկսվել է մայիսի 12-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք․

«Փաստաթղթով ամրագրման մասը դեռեւս անորոշ է, կան, հավանաբար բանավոր պայմանավորվածություններ ինչ-որ հավածների վերաբերյալ, բայց դրանք վերջնականորեն պետք է ամրագրվեն միջպետական պայմանագրի տեսքով, որտեղ հստակ պետք է նշված լինի, թե որ բարձունքից որը, որ ձորակով սահման կանցնի, որտեղ են տեղակայվելու սահմանապահները եւ այլն, բայց գործընթացը սկսված է, հնարավոր չէ՝ չլինի։ Եթե չլիներ, այսպիսի իրավիճակ չէր լինի։ Նաեւ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարության մեջ գյուղերի ադրբեջանական անուններ տվեց՝ ցույց տալով, որ ճանաչում է այդ տարածքների պատկանելությունը, հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ, այդ արտահայտությունները գործածելով, Փաշինյանը հասկացնել տվեց, որ Ադրբեջանը ներխուժել է ոչ թե ՀՀ տարածք, այլ փակել է իր տարածքով անցնող ճանապարհի հատվածը։ Հետեւաբար, արդեն այդ հատվածի սահմանազատման հարցը որոշակիացված է, Հայաստանն ընդունում է, որ այդ հատվածը պատկանում է Ադրբեջանին»։

Ի դեպ՝ կառավարություն կատարած մեր գրավոր հարցերին, թե արդյոք սկսվե՞լ են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան եւ դելիմիտացիան, եւ եթե այո, ապա ինչ կառույցների մասնակցությամբ, ինչ կարգով են ընթանում, գործադիրից պատասխանել են, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն ընթանում։

Իսկ այս պահին, քաղաքագետի համոզմամբ, մենք ունենք ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին զուգահեռ հրատապ խնդիրներ․ առաջինն, իհարկե, սահմանազատման խնդիրն է, որին Գալստյանը ոչ պակաս համարժեք է համարում նաեւ Արցախյան հիմնախնդիրը։ Այստեղ, սակայն, նա չի տեսնում հստակ դիրքորոշում, ձեւաերպումներ, թե ինչպես է ՀՀ գործող կառավարությունը պատկերացնում այդ հիմնախնդրի կարգավորումը․ «Այո, հայտարարություններ լինում են, որ պետք է բանակցային պրոցեսը շարունակի եւ այլն, բայց մնացյալ հարցերում հստակություն չկա, չի նշվում, թե որ տարածքներն է ՀՀ-ն ճանաչում որպես Արցախի մաս, ինչու, օրինակ, չի խոսվում, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են․ ասում են՝ չենք ասում, որ պրոցեսը չվատթարանա, բայց սրանից էլ վատթար էլ ի՞նչ պետք է լինի»։

Հարցերի մի փունջ էլ, Գալստյանի կարծիքով, վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների մոտեցումներին․ ի վերջո ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ-ն Թուրքիայի հետ հետագա հարաբերությունները․ «Այո, մենք պետք է Թուրքիայի հետ կարողանանք ինչ-որ հարցերով լեզու գտնել, բայց դա մենք վաղուց պետք է անեինք, որպեսզի այսպիսի փակուղում չհայտնվեինք։ Բայց չենք արել, հիմա հարց է՝ ինչպես են պատրաստվում։ Լինում են դեպքեր, երբ կարճաժամկետ օգուտը երկարաժամկետ կտրվածքով վերածվում է մեծ վնասի, դա էլ պետք է հստակ հաշվի առնել, դա կապված է նաեւ կոմունիկացիոն ուղիների հետ՝ որտեղով կանցնեն, ինչ բնույթ կունենան, ինչպիսի իրավական կարգավիճակ կունենան, եւ այլն, այդ հարցերն այսօր հստակեցված չեն»։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել