Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում․ Գարեգին Բ
10:14 - 01 սեպտեմբերի, 2021

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում․ Գարեգին Բ

Գարեգին Բ-ն հայրապետական ուղերձը է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող Մեր զավակներին։

Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն որպես բարի արդյունքներ։ Այս տեսլականով են վերստին բացվում մեր կրթական հաստատությունների դռները։

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում: Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր նախնյաց ոգով ու դժվարությունները հաղթահարելու  նախանձախնդրությամբ ամեն ջանք պիտի ներդրվի ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման։

Աստծո առատ շնորհներն ենք հայցում այսօր կրթօջախներ մուտք գործող մեր սիրեցյալ զավակներիդ, մաղթում մտքի ու հոգու կորով, անդուլ ջանասիրություն։ Գիտցեք, որ ուսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, ձեր ընտանիքների և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին։ Սուրբ Գիրքը պատգամում է. «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ» (Առակաց Դ 6)։

Բարձրյալի զորակցությունն ենք հայցում մանկավարժներին և կրթության գործի կազմակերպիչներին, մաղթում արգասավոր ուսումնական տարի։ Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովրդի կյանքը և կրթության մշակների շնորհընկալ առաքելությունը՝ ի պայծառություն և ի փառս ազգիս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել