Ծարավ Աղբյուրի բնակիչներն ահազանգում են. նախկին փոխոստիկանապետն ու որդին փորձում են խլել իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը |hetq.am|
13:53 - 01 սեպտեմբերի, 2021

Ծարավ Աղբյուրի բնակիչներն ահազանգում են. նախկին փոխոստիկանապետն ու որդին փորձում են խլել իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը |hetq.am|

hetq.am: Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանն ու որդին` Սմբատ Մահտեսյանը «Երևան Սիթի» սուպերմարկետի առաքումն ապահովելու համար փորձում են Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 և 55/11 շենքերի բնակիչներից խլել նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը: Բնակիչները դեմ են, ինչի հետևանքով արդեն մի քանի անգամ բնակիչներ-կառուցապատող բախում է տեղի ունեցել:

Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում կառուցապատում էր իրականացվում: Վերջապես այն ավարտին է հասցվել: Ներկայումս հասարակական շենքի առաջին հարկում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ի պաստառներն են փակցվել, սուպերմարկետի բացմանն ընդառաջ աշխատանքներ են ընթանում: Երկրորդ հարկը դեռ վարձակալների է սպասում, շինության վրա նման հայտարարություն է փակցված:

«Երևան Սիթի»-ի առաքումը կազմակերպելու համար կառուցապատողը փորձում է բնակիչների բաժնային սեփականություն համարվող տարածքը ծառայեցնել իր կառույցին, որպեսզի սուպերմարկետի առաքման հարթակ դառնա: Այդտեղով պետք է մուտք ու ելք անեն սուպերմարկետի բոլոր առաքիչ մեքենաները:

Պայմանական Ավան 3 կոչվող թաղամասի (որն ընդգրկում է Ծարավ Աղբյուր 55/8 և 55/11 շենքերը) բնակիչներն այդ տարածքին հարակից ճանապարհով, աջ թեքվելով, մուտք են գործում իրենց բակ: Թաղամասի համատիրության կառավարիչ Էմիլ Սարգսյանն ասում է, որ եթե տարածքը ծառայի սուպերմարկետի առաքմանը, ապա իրենք պետք է վերջնականապես հրաժարվեն թե այդ տարածքից, թե ճանապարհից, որովհետև առաքիչները կծանրաբեռնեն այն իրենց առաքումը կազմակերպելու համար, և բնակիչները ստիպված կկորցնեն այդ ճանապարհն ու տարածքից որևէ կերպ օգտվելու իրենց իրավունքը: Մինչդեռ բնակիչների սեփականության վկայականներում հստակ արձանագրված է, որ 0,6 հա հողը նրանց ընդհանուր բաժնային սեփականությունն է:

«Եթե ասֆալտ լցվեց նշված հողակտորի վրա, ուրեմն մեր «շլագբաումը» էլ երբեք չի փակվի, քանի որ այդտեղ շատ հաճախ կուտակվելու են բեռնափոխադրողներ, հետևաբար առանց այդ էլ ծանրաբեռնված նեղ ճանապարհն էլ ավելի անտանելի է դառնալու»,- ասում է թաղամասի բնակիչ, լրագրող Սուրեն Դեհերյանը:

Վերջինս նշում է, որ այս խնդիրը միայն 55/8-ի և 55/11 շենքերի բնակիչներինը չէ։ Սա այս փոքրիկ ճանապարհից օգտվող բոլոր շենքերի բնակիչների խնդիրն է՝ 55/8, 55/11, 17, 26, նաև թաղամասի մյուս հատվածում առկա երեք նորակառույցների։

«Ցանկացած պարագայում այս խնդիրը այլընտրանքային լուծում ունի։ Եվ չպիտի թշնամանքի ու զոռբայության պատճառ դառնա կողմերի միջև, և պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի խաղաղ ձևով հանգուցալուծում ստանա»,-կարծում է Ս. Դեհերյանը: Նա նաև առաջարկել է, որ առաջիկա երեկոները մշակութային միջոցառումներ կազմակերպվեն այդ տարածքում, նաև լավ հարևանություն անելու և իրար ավելի լավ ճանաչելու առիթ կդառնա այն:

ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նույնպես այդ թաղամասի բնակիչ է: Համատիրության էջում աջակցություն է հայտնել բնակիչներին և նշել, որ եթե դա թույլատրեն, ապա բակը կդառնա փոխադրամեքենաների կենտրոն: «Հետո կսրտնեղենք, մինչդեռ հիմա է պետք հստակ մեր դիրքորոշումը հայտնել։ Խնդիրը բոլորինս է և բոլորով պետք է լուծում տանք։

Ես իմ առավելագույն մասնակցությունը կունենամ ի շահ երեխաների անվտանգության և մեր հանգիստ ապրելու»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը:

Կառուցապատողը պատրաստ է լուծում գտնել բնակիչների հետ

Բնակիչների բաժնային սեփականությանը տնօրինելոււ համար բանակցել է նաև անձամբ Արարատ Մահտեսյանը: 

Արարատ Մահտեսյանը, հիշեցնենք, ոստիկանության պետի առաջին տեղակալ էր 2006-2008թթ, երբ ոստիկանության պետը Հայկ Հարությունյանն էր: Արարատ Մահտեսյանն այժմ ղեկավարում է իրենց պատկանող Արզնիի առողջարանը, «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Հաշվառված է Ծարավ Աղբյուր 55/11 հասցեում:

Նրա որդին` Սմբատ Մահտեսյանը 55/20 շենքի բնակիչ է: Փաստացի` Մահտեսյաններն իրենց հարևաններից են փորձում խլել նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը` իրենց և Սամվել Ալեքսանյանի բիզնեսը կազմակերպելու նպատակով:

Սակայն համատիրության կառավարիչ Էմիլ Սարգսյանը բացատրել է, որ եթե գոնե մի բնակիչ դրան դեմ է, տարածքը չի կարող որևէ մեկի օգտագործմանը տրամադրվել: Իսկ Ծարավ Աղբյուր բնակիչները գերազանցապես դեմ են դրան: Համատիրությունը ֆեսյբուքյան իր էջում այդ մասին հրապարակում է կատարել, ինչի վերաբերյալ իրենց դժգոհություններն են արտահայտել նաև բնակիչները:

Կադաստրի կոմիտեից արտահանած փաստաթղթում երևում է, որ մոտ 600 քմ շինության սեփականությունը Սմբատ Մահտեսյանի անվամբ գրանցվել է օրեր առաջ` 2021 թվականի օգոստոսի 9-ին:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել