«Գառնի» պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել նախարարության համաձայնությամբ. ԿԳՄՍ
15:21 - 06 սեպտեմբերի, 2021

«Գառնի» պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել նախարարության համաձայնությամբ. ԿԳՄՍ

«Գառնի» պատմամշակութային արգելոցում 2021 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել:

«ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մշակույթի գերատեսչությունից ընդգծում են, որ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները:

«Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝  միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով»,- շեշտված է հաղորդագրության մեջ:

Ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու,  ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել