Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»
14:04 - 07 սեպտեմբերի, 2021

Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Այդ տարի միջոցառումն առաջին անգամ անցկացվեց Շամոնիից դուրս և ստացավ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը:

 

«Արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, որը այս տարվա հոկտեմբեր ամսին արդեն 3-րդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում, այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»,- հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Մտքերի գագաթնաժողով»-ը համախմբում է աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և բացահայտել նոր գաղափարներ ու հնարավորություններ՝ «Մտքերի գագաթնաժողով»-ն այս տարի կանցկացվի մի քանի երկրներում:

2021թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կքննարկվեն համաշխարհային հիմնական մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիա, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հավանական ազդեցությունը ներդրումային ու բիզնես որոշումների վրա:

Հոկտեմբերին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ նոյեմբերին՝ Կանադայում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողովը տեղի կունենա նաև Միացյալ Նահանգներում:

Նախագահականից հիշեցնում են, որ առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը («Armenian Summit of Minds»), որն անցկացվել է 2019-ին՝ Դիլիջանում, բավականին դրական արձագանքներ է ունեցել: Մասնակիցների թվում են եղել անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական ու պետական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից:

Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվել է հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

2021թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված է երրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը: Այն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը:

Այս տարվա հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:

Գագաթնաժողովի մասնակիցների հետ վերջերս կայացած առցանց հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել էր. 

«Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը»:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցերը մասնավորապես կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը, հնարավոր ներդրումների ներգրավմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել