Իրանի համար շատ կարևոր է, ի դեմս Հայաստանի, ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի. ՀՀ-ում Իրանի դեսպան
18:48 - 07 սեպտեմբերի, 2021

Իրանի համար շատ կարևոր է, ի դեմս Հայաստանի, ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: 

Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նրան:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը համավարակի, պատերազմի և հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապես զորակցություն ցուցաբերելու համար:

 Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապը՝ հույս հայտնելով, որ ապագայում այն առավել կխորանա ու  կսերտանա:  

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դեսպանը նաև նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի  ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի: 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել