Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Սիրանուշ Սահակյան
12:41 - 08 սեպտեմբերի,2021

Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Սիրանուշ Սահակյան

Հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ լուրջ ապացուցողական բազա ունեն, որ Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ քննչական մեկուսարանը, Արդարադատության նախարարության մեկուսարանների աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրավված են եղել հայ գերիների խոշտանգումների մեջ։ Նա նշեց, որ կան պատասխանատվության մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, բայց կան նաեւ քաղաքական պատասխանատվության միջոցներ, եթե դրսեւորվի հետեւողականություն։

Սահակյանի խոսքով՝ երկու կարեւոր ակտ կա, որից մեկը գործում է ԵՄ շրջանակներում, որը վերաբերում է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառման ռեժիմին։ Այստեղ թվարկված են այն արարքները, որոնց պարագայում ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել։

Սահակյանը նախաձեռնողականության պարագայում տեսնում է հնարավորություն, որ ԵՄ-ն քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ։

Նա նշեց, որ կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Իրավապաշտպանները հավաքագրել են փաստերը ու դրանք ներկայացնելու են միջազգային կառույցների ուշադրությանը։ Սահակյանը նշեց, որ հիմնվում են ոչ միայն ռազմագերիների հայտարարությունների վրա, այլեւ դրանք ստուգում են գոյություն ունեցող այլ փաստերի ու տվյալների հետ՝ պատմածները համադրելով, օրինակ, զննության տվյալների հետ, եւ այլն։

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ զեկույցներն ուղարկելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, բայց պետք է նաեւ այլ մեխանիզմներ գործադրվեն՝ պատասխանատվության կանչելու համար, քանի որ քանի դեռ այդ պատասխանատվությունը եղել, դրանց կրկնության հնարավորությունը մեծ է։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ եթե մենք ունենանք դաշնակից գործընկերներ, ապա հնարավոր կլինի իրավիճակը հղել միջազգային քրեական դատարան, որպեսզի ուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում երկու կողմի թույլ տված խախտումները, բայց այդ պարագայում չպետք է վետո դրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, իսկ դա նշանակում է, որ մենք առնվազն պետք է կարողանանք ապահովել Միացյալ Թագավորության ձայնը․ «Իսկ թե Միացյալ թագավորությունն ինչպիսի շահերով է կապված Ադրբեջանի հետ, հասկանալի է, ուստի հնարավոր է՝ դիվանագիտական, քաղաքական աշխատանքի պարագայուն հաջողություններ չարձանագրվեն, բայց իրավական հնարավորություն ունենք»,- մանրամասնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ թե՛ խոշտանգումները, թե՛ բռնի անհետացումները, թե՛ միտումնավոր սպանություններն այնպիսի հանցագործություններ են, որոնք պահանջում են անկախ դրանց կատարման տարածքից՝ հետաքննություն։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել