Իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ. Անուշ Լալայան
16:59 - 08 սեպտեմբերի, 2021

Իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ. Անուշ Լալայան

«Մերժիրսերժին» նախաձեռնության անդամ Անուշ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Ինչպես շատերդ հիշում եք, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ես նախաձեռնել էի վարտիքով ակցիա՝ դրանով իմ բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանությունների դեմ: Ակցիան մեծ հնչեղություն ստացավ մամուլում և սոցիալական ցանցերում, որից հետո ես ստացա համացանցում իմ անձն ու արժանապատվությունը վարկաբեկող վիրավորանքներ և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ: Մտահոգված լինելով իմ անվտանգությամբ՝ ես հուլիսի 27 համապատասխան դիմումով դիմել եմ ստիկանության Գարեգին Նժդեհ բաժին:

Ներկայացնելով բոլոր փաստերը, որով հնարավոր էր նույնականացնել սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնողների ինքնությունը՝ պահանջել եմ քննության առարկա դարձնել համացանցում իմ անձը վարկաբեկող մեկնաբանություններն ու սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել սպառնալիքների հեղինակներին: Նշեմ, որ ի սկզբանե անգամ գործի մանրամասներին ծանոթ չլինելով՝ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ինձ համոզել ետ վերցնել դիմումը՝ հիմնավորելով, թե գործն ի սկզբանե արդեն փակուղու մեջ է:

Ինչևէ, օրերս ինձ կանչում են ոստիկանության Գարեգին Նժդեհի բաժին և տեղեկացնում, որ գործը փակված է և ոչինչ հնարավոր չէր պարզել: Այնպիսի տպավորություն էր, որ աշխատակիցները միտումնավոր չէին ուսումնասիրել իմ կողմից ներկայացված և ոչ մի փաստ, այլապես հեշտությամբ կարող էին նույնականացնել սպառնալիքների հեղինակներին:

Իմ դիմումը քննող աշխատակից Կամո Ալեքսանյանն ինձ խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն այն ժամանակ, երբ որ օրինակ փողոցում ենթարկվեմ հարձակման, ասել է թե, կարձագանքենք, երբ սպառնալիքներն իրականանան:

Այսպիսով, կարող եմ հետևություն անել, որ իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ: Համացանցում վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները միտված են միայն իշխանությանը սպասարկելու համար, ինչը որ բռնապետության հիմնական գործիքներից մեկն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել