ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ
21:34 - 09 սեպտեմբերի, 2021

ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ

 ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանը հայտնել է ԵՄ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ և անդրադարձել  ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

«Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել